Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքը, որից հետո Կրեմլում մասնակցել է նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:
22 տարի առաջ հենց այս օրը 71-ամյա գերությունից հետո ազատագրվեց Շուշին՝ պատմական Հայաստանի գեղատեսիլ բերդաքաղաքը: Ռազմավարական առումով կարևորագույն նշանակություն ունեցող այս հրաշալի քաղաքի համար 1992 թվականի մայիսի 8-ին ծավալված պայքարն էլ բեկումնային նշանակություն ունեցավ Արցախյան հերոսամարտի հետագա ընթացքի վրա: Հենց մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց հնագույն բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնց ընդհանուր ղեկավարությունը վստահվել էր Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին: Շուշիի բարձրադիր դիրքերից էին ադրբեջանցիները ռմբակոծում Ստեփանակերտը և մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին՝ հայ հերոսների արիության, անձնվիրության և փայլուն մարտավարության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց: Այսօր կռվի հերոսական դրվագները հիշել են Շուշիի ազատագրման գործում իրենց ներդրումն ունեցած զինվորները:
Հնուց եկող սովորությունը, թե իբր մայիսին ամուսնանալը սխալ է, որովհետեւ ընտանիքը դժբախտ կլինի, Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանի համոզմամբ սնահավատություն է: Նա խորհուրդ է տվել ընտանիք կազմելիս ուշադրություն չդարձնել ժամանակին: Հեթանոսները ևս այդ կարծիքին են: Չնայած դավանանքի տարբերությանը, Առաքելական և հեթանոսական եկեղեցիները ընտանիքի ամրության կողմնակիցներն են:
Վանաձորում կազմակերպվել է հիշատակի ու հաղթանակի միջոցառում: Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառման մանակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակված զինվորների հիշատակը, որից հետո թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցվել է սուրբ պատարագ և ոգեկոչման կարգ:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված տոնական զորահանդես է անցկացվելու Գյումրիում: Մասնակցելու են ռուսական 102-րդ ռազմաբազայի և Գյումրիում տեղակայված հայկական զորամասերը: Ցուցադրվելու են շարային վարժություններ և զինտեխնիկա: Այդպիսի մեծամասշտաբ զորահանդես Գյումրիում առաջին անգամ է լինելու:
Կառավարության հերթական նիստն ընթացել է վերջնականապես ձևավորված կաբինետով: Կառավարությունը Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին գումարել արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքի լրացում կատարելու նախագծի քննարկումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի մայիսի 7-ի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի նախ Արցախի սահմանամերձ շրջանները Ադրբեջանին հանձնելով, հետո միջանկյալ կարգավիճակ ստեղծելով, բուռն արձագանք է ստացել ՀՀ և ԼՂՀ քաղաքական դաշտում: Ամերիկացի դիվանագետին պատասխանել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները, պետական գերատեսչություններ, իսկ Արցախի իշխանությունը շեշտել է, որ չի զիջի ոչինչ: Ներկայացվում է հանրահայտ Մադրիդյան սկզբունքների թարմացված, բնույթով ավելի հակահայկական տեսք ստացած տարբերակը աշխարհաքաղաքական գործընթացների և Հայաստանի շուրջ սկսված դիվանագիտական առևտրի տեսանկյունից: Ինչո՞ւ հենց հիմա Միացյալ Նահանգները հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ և ինչո՞ւ այդքան կտրուկ ձևակերպումներով:
Մայիսի 8-ը Երկրապահ կամավորականի օրն է: Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ին: 2002 թ-ին ՙՀայաստան՚ երկրապահական խմբի ջանքերի շնորհիվ, ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Ամեն տարի մայիսի 8-ին երկրապահները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելում են Եռաբլուր և տարբեր միջոցառումներ են անցկացնում:
Արցախյան գոյամարտին Սիսիանից մասնակցած քաջորդիներից 89-ը ընկան մահ իմացյալի գիտակցմամբ: Ազատամարտիկներից 48-ի աճյունները հանգչում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ` Ազատամարտի պանթեոնում: Արդեն 14 տարի ՌԴ Կրասնոդարի մարզում ապրող Անդրանիկ Մովսիսյանը հայրենիք գալիս է տարին մի քանի անգամ: Առաջին տեղերից մեկը պանթեոնն է, ուր այցելում է երիտասարդը, հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին: Անցած տարի այցի ժամանակ նկատել էր, որ շիրմաքարերի նկարները խունացել են: Անդրանիկի նախաձեռնությամբ բազալտե քարերը փոխարինել են գրանիտով, տեղադրվել են նոր ծաղկամաներ:
Ստեփանակերտում իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման և դրանց ռիսկի գործոնների տարածման հետազոտություն, որի արդյունքն ամփոփվել է հրավիրված գիտաժողովի ժամանակ: Ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառ հանդիսացող արյան շրջանառության խանգարումը բարձր ցուցանիշ ունի նաև Արցախում: Հետազոտության նպատակը ընդհանուր պատկերի ուսումնասիրությունն ու ռիսկի գործոնների նվազեցումն է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv