ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այնտեղ են, որտեղ մարդիկ խնդիրներ ու հոգսեր ունեն: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ պատգամավորները այսուհետև կայցելեն մարզեր, կծանոթանան տեղացիների խնդիրներին: Սիսիանը առաջին բնակավայրն էր, ուր այցելել են Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը: Նրանք խոսել են խմբակցության աշխատանքի մասին: Սիսիանցիների հնչեցրած մեկ տասնյակ հարցերը պատգամավորները կհրապարակեն համապատասխան ամբիոններից:
Արցախի պատերազմին մասնակցած մի խումբ եզդիների պաշտպանության նախարարությունը այսօր պարգևատրել է մեդալներով։ Ոչ մի տեղ եզդի ժողովրդի ինքնությունը այնպես չի պահպանվում, ինչպես Հայաստանում, սա նաև մեր հայրենիքն է ու պատրաստ ենք մինչև վերջին շունչը պաշտպանել այն. ասել է Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքն ունի իր եկեղեցին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը:
"Դեմ եմ" շարժման ուսուցիչները այսօր հայտարարել են, որ շատ դպրոցներում տնօրենները խոչընդոտում են կուտակային վճարից հրաժարվելու դիմում ներկայացնող ուսուցիչների աշխատանքը։ Նրանք ասել են, որ ապօրինությունը շարունակվելու դեպքում կհրապարակեն այդ դպրոցների ու տնօրենների անունները։
Այսօր Ազգային ժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը քննարկել է Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների 2013 թվական բյուջեի կատարողականները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է 2013-ի ընթացքում իրականացրած ծրագրերը: Նախարարն ասել է, որ չնայած ոլորտում դրական տեղաշարժեր կան, բայց շատ խնդիրներ դեռ լուծման են սպասում:
Արդեն մեկ շաբաթ խորհրդարանը քննարկում է և դեռ մեկ շաբաթ էլ քննարկելու է նախորդ կառավարության 2013 թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Վերջում Տիգրան Սարգսյանի կառավարության բյուջեի կատարողականը պետք է քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում: Եթե այն չընդունվի, ինչը տեսականորեն հնարավոր է, ապա կառաջանա անհասկանալի մի վիճակ: Կստացվի, որ ձախողված կատարողականի համար պատասխանատու է մի կառավարություն, որն այսօր պարզապես գոյություն չունի:
Եվրասիական տնտեսական միության հիմնադիր նիստն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վկայակոչած Ալիևի նամակը շարունակում են մնալ քննարկվող թեմաներից մեկը: Այսօր դրա մասին են խոսել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը և Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Մայիսի 28-ի երեկոյան Գյումրու Ավստրիական ՙՄոր և մանկան՚ հիվանդանոցում գրանցվել է մահվան դեպք: 3-րդ երեխային լույս աշխարհ բերելիս մահացել է Գյումրու բնակիչ 38 տարեկան Կարինե Պապանյանը: Բժիշկներին չի հաջողվել փրկել նաեւ փոքրիկի կյանքը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv