Երեկ Աստանայում պարզ դարձավ, որ Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետևյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ընդ որում, Նազարբաևը ասել է նաև, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը: Այսօր Հայաստանի ԱԺ քաղաքական գրեթե բոլոր ուժերն անդրադարձել են Նազարբաևի հայտարարությանը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը: Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է: Ներկայացված ապացույցներից մեկը ավելի պատկերավոր ներկայացնելու համար Վարդան Պետրոսյանի փաստաբանը իր հետ դատարան էր բերել վթարի սխեման:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչև նիստի մեկնարկը ՝ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն կարևոր է համարել Անկախ պետությունների գործակցությունը, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ:
Այսօր կայացել է Երևանի ավագանու նիստ, որին հաջորդել է հարց ու պատասխան: "Բարգավաճ Հայաստան" կուսակցության խմբակցության ավագանու անդամ Թամար Պողոսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում Կոնդի բնակիչներին տուն հատկացնելու գործընթացը: Քաղաքապետն ասել է, որ այն դեռ դադարի վիճակում է:
Համաներում. այս պահանջը շարունակում է արդիական մնալ տաքսու վարորդների համար: Առաջիկա մեկ ամսում սպասում են, որ Կառավարությունը լուծում գտնի կուտակված տուգանքների վերաբերյալ հարցին:
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելու այսօրվա հերթը սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատուներինն էր: Նրանք այսօր խորհրդարանում պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորներին: Կրթության և գիտության նախարարը անդրադարձել է նաև երեկ Աստանայում Ղազախստանի նախագահի ԼՂՀ-ի մասին արած աղմկահարույց հայտարարությանը: Ադրբեջանը մեծ խանդով է վերաբերվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, - հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv