Հայկական կողմը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում, այսօր հայ և արտասահմանցի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ: Անդրադառնալով պատերազմը դադարեցելու Ռուսաստանի հնարավոր միջամտությանը՝ Արցախի նախագահը նշել է, որ Մոսկվան այսօր պետք է խոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ:
Պարենի ձեռքբերման գործում ներդրում են ունեցել ինչպես տեղի, այնպես էլ ռուսաստանաբնակ ջավախքցիները: Ավելի քան 100 տոննա սննդամթերքը ձեռք է բերվել ռազմաճակատում հակառակորդի սանձազերծած ագրեսիայի մասին լուրերի տարածումից կարճ ժամանակ անց: Օգնությունը Վրաստանից Հայաստանի տարածք է հասել համառ պայքարից հետո:
Մարտական գործողություններն Արցախի ռազմաճակատում թևակոխում են նոր փուլ: Ադրբեջանն Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումն այսօր հանձնել է Թուրքիային: Քյուրդամիրից թռչող թուրքական F-16 կործանիչները, Ադրբեջանի ՍՈՒ-25 գրոհիչները, «Բայրաքթար» ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական Էրզրում-Ղարս հատվածից, հայտնում է Հայաստանի ՊՆ-ն:
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել ու չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել անվտանգության ծառայությանը: Հայաստանի պաշտպանության նախարությունն էլ կոչ է անում չտեսանկարահանել և համացանցում չտեղադրել առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի կողմնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները:
Ֆրանսիան լուրջ պատասխանատվություն է ստանձնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Էմանուել Մակրոնն այսօր հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով: «Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարվածներն անհամաչափ են»-, Ռիգայում կայացած ճեպազրույցում ասել է Մակրոնը: Ըստ նրա՝ արդեն արձանագրված է, որ կրակոցներն Ադրբեջանի կողմից են եղել: Ֆրանսիան ծայրահեղորեն մտահոգված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով, ասել է Մակրոնը՝ հավելելով, որ պատրաստվում է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ: «Ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը»,- հայտարարել է Մակրոնը:
Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակը: Կան նաև վիրավորներ: Ավելի վաղը՝ ժամը 13:35-ին, ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ՏՕՍ-1 ծանր հրանետային համակարգ:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է թուրքական F-16 կործանիչներից մեկի կողմից Հայաստանի տարածքում խոցված ՍՈւ-25 գրոհիչի զոհված օդաչուի անունը: Նա ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինն է: Նաև ընդգծվում է, որ տեղի ունեցածը թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: «Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչև օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից»,- հայտարարել է պաշտոնական Երևանը:
Ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: «Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին՝ հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների հարցով։ «Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը: ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի` դա արդեն այլ հարց է»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նաև պատասխանել է հարցին, թե կկիրառվե՞ն արդյոք Արցախում «Իսկանդերներ»-ը:
«Մենք չենք թիրախավորելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերը: Դա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, այլև սկզբունքային հարց»,- առավոտյան կայացած ճեպազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը: Վահրամ Պողոսյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը ամբողջությամբ զսպում է հակառակորդի ագրեսիան: «Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիվ գործողությունները, չի բացառվում՝ Պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չբավարարվի»,- ընդգծել է Արցախի նախագահի խոսնակը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv