ՀՅԴ Երիտասարդական միությունը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագրով երթ է անցկացրել: Միության անդամները հայտարարել են, որ մերժում են Արայիկ Հարությունյանին և քաոսը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Երթը մեկնարկել է Մատենադարանի մոտից, մասնակիցները «Արայիկ, հեռացի՛ր» վանկարկումներով շարժվել են դեպի ԿԳՄՍ նախարարություն:
ՀՀ Զինված ուժերը պատրաստվում է համարժեք գործողություններ իրականացնել՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ռազմական ոտնձգությունների: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հուլիսյան իրադարձություններից հետո Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Վարչապետն էլ մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից:
ԱԺ-ի նիստերի դահլիճում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քննարկմանը զուգահեռ խորհրդարանի բակում սուպերնախարարին հեռանալու կոչ են արել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանց պնդմամբ՝ Հարութունյանը ձախողել է իրեն վստահված բոլոր ոլորտները և պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի: Ակցիայի մասնակիցներին միացել են նաև «Կամք» նախաձեռնության անդամները: Կարճ ժամանակ անց ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել Վահագն Չախալյանին և ակցիայի մեկ այլ մասնակցի:
Շիրակի մարզի Սալուտ, Վարդաղբյուր ու Հարթաշեն համայնքների աշակերտներն արդեն երկու օր է՝ դպրոց չեն գնում: Բնակավայրերին կցված միկրոավտոբուսը, որը երեխաներին հասցնում էր Մուսաելյանի դպրոց, հրաժարվել է ուղեւորափոխադրում իրականացնել: Պատճառը ֆինանսական է:
Հագուստի ու կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան են անցկացրել: Նրանք նորից հավաքվել են կառավարության մոտ, հայտարարել, որ ապրանքների մաքսազերծման գները շարունակում են բարձր մնալ: Տնտեսվարողները պահանջել են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետը, սակայն, նրանց այդպես էլ չի արձագանքել, ինչից հետո ակցիայի մասնակիցները քայլերթով գնացել են խորհրդարան:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv