«Թող որևէ մեկը չփորձի ընդդիմությանը, եռյակին, կամ մեզ կապել նախկին իշխանությունների հետ»,- հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը: Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ այդ հնարքը շատ հին է: Նա իշխանության անընդունելի քայլերից է համարում նաև հարձակումներն ընդդիմության ներկայացուցիչների վրա:
Անկախության տոնին լրանում է նաև Արցախի նախագահի պաշտոնավարման 100 օրը: Արայիկ Հարությունյանն ի մի է բերել այս ընթացքում կատարած աշխատանքը, խոսել առաջիկա անելիքների մասին: Ապրիլյան պատերազմից մինչև հուլիսյան մարտեր, քաղաքական գնահատականներից մինչև սոցիալ-տնտեսական բարեփոխումներ: Հարությունյանն ասել է, որ մոտակա տասնամյակներում ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություն չի տեսնում և հավելել. «Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման»:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու ռեկտորի պաշտոնում: Նա պատասխանել է հարցին, թե կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ինչու՞ են Մայր բուհում բարձրացել ուսման վարձավճարները: Գևորգյանն անդրադարձել է նաև իշխանության հետ հարաբերություններին, պարզաբանել՝ ենթարկվու՞մ է արդյոք իշխանությանը, թե՞ ոչ:
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել, բացահայտվել են չարաշահումներ: Օրերս Կասկադում տեղի ունեցած միջադեպի պատճառով մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլի Հայաստանի հավաքանի խաղացողներ Գոռ և Էդգար Մալաքյաններին: ԱԱԾ-ն էլ բացահայտել է, որ Փարաքար համայնքի ղեկավարը հափշտակել է համայնքի դրամական միջոցները՝ 12.935.000 դրամի չափով: Օրվա քրեական քրոնիկոնը՝ տեսաշարով:
«Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ արձագանքելով Ռուսաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին: «Կարող ենք ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին»,- նշել է խոսնակը: Նա նաև հայտնել է, որ «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Բաքվի «Կարմիր խաչ»-ի գրասենյակի հետ:
Արմավիրում անհայտ ծագման օղու արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողը գրանցված չի եղել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները խանութներում ու սննդի կետերում ինքնաշեն օղու խմբաքանակ չեն հայտնաբերել: Մահացու օղու որակը պարզելու համար կատարվել է նմուշառում: Քանի դեռ փորձաքննության արդյունքները հայտնի չեն դարձել, նախաքննությունն էլ շարունակվում է, սննդի թունաբանության ոլորտի մասնագետ Դավիթ Պիպոյանը կարծիք է հայտնել, որ ալկոհոլի չգրանցված արտադրամասում գուցե տեխնիկական սպիրտ է օգտագործվել:
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է: 1991 թվականի հենց այս օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը, որի ժամանակ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սեպտեմբերի 2-ը դարձավ 1988-ին հրապարակ դուրս եկած համաժողովրդական շարժման կարևոր հանգրվանը: Արցախի նախագահն ու ՀՀ ԱԺ նախագահն այսօր այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:
Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու և պահպանելու համար»,- նշել է ԲՀԿ առաջնորդը՝ հայկական երկրորդ հանրապետությանը մաղթելով հարատև խաղաղություն և շարունակական առաջընթաց:
Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու և պահպանելու համար»,- նշել է ԲՀԿ առաջնորդը՝ հայկական երկրորդ հանրապետությանը մաղթելով հարատև խաղաղություն և շարունակական առաջընթաց:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv