Հանրակրթական դպրոցների առարկաների դասավանդման չափանիշներում նախաձեռնած փոփոխություններն արվել են առանց եկեղեցու հետ քննարկման: Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի անդամների խոսքով՝ նաև այդ պատճառով է, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը այլ առարկաների մեջ ներառելու արդյունքում նյութի 70 տոկոսը դուրս է մնացել ծրագրից: Նրանք նշել են, որ մի շարք նկատառումներ ու առաջարկներ են ներկայացրել կառավարություն, սակայն պատասխան դեռ չեն ստացել: «Կառավարությունը եկեղեցու հետ երկխոսության չգնալու մոտեցում է որդեգրել՝ փորձելով նվազեցնել եկեղեցու նշանակությունը»,- ասել է Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Բեյրութը ցնցած հզոր պայթյուններից տուժել են նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները: Մեր երկրի արտգործնախարարությունը հայտնել է 6 զոհի և հարյուրից ավելի վիրավորների մասին: Հուժկու պայթյունից մեծ վնասներ է կրել հայկական Բուրջ Համուդ թաղամասը, տուժել են տները, խանութները, կրթական ու մշակութային հաստատությունները, հիվանդանոցը, Լիբանանում Հայաստանի դեսպանատունն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Պայթյուններից անմիջապես հետո հայկական թաղամաս է այցելել Արամ Առաջին կաթողիկոսը: «Էպիկենտրոն»-ին Բեյրութից մանրամասներ են հայտնել հայ համայնքի ներկայացուցիչները:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է «Սասնա ծռեր»-ի գործով դատաքննությունը: Պաշտպանական կողմի դեռ նախորդ նիստում ներկայացված միջնորդությունը՝ նոր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ, մերժվել է: Դրանից հետո ամբաստանյալների փաստաբանները հանդես են եկել այլ միջնորդությամբ՝ պահանջելով հարցաքննության հրավիրել մեղադրական եզրակացության հիմքում ընկած փորձաքննության հեղինակներին: Դատարանը նման հնարավորություն է տեսնում արդեն վիճաբանության փուլի ընթացքում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր նախազգուշացում է ստացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ նախկինում պայմանագրից կետեր խախտելու համար: Հանձնաժողովը ՀԷՑ-ին պարտավորեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը բաժանորդների հետ վերակնքել՝ հանձնաժողովի նոր ձևին համապատասխան:
Կառավարության մոտ հերթական բողոքի ակցիա են իրականացրել Նորամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչները՝ շարունակելով պնդել, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը դիտավորյալ է տապալվել: Ըստ նրանց, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն է ցանկանում նշանակել իր մերձավորին: Գործող կարգի համաձայն, եթե մրցույթը տապալվում է, ապա տնօրենին նշանակում է մարզպետը, հաստատում՝ փոխվարչապետը: Նորամարգցիները նշել են, որ եթե հարցն արդարացի լուծում չստանա, կանցնեն գործադուլի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv