Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից: Պարետի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից զբոսաշրջային ուղղություններով չարթերային թռիչքների իրականացման թույլտվություն չկա: Տուրիստական ընկերությունները ,սակայն, քաղավիացիայի և Զբոսաշրջության կոմիտեի մոտեցման տրամաբանությունը չեն ընդունում, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանն արդեն պատրաստվում է ընդունել օտարազգի քաղաքացիների: Պետական կառույցները չեն բացառում,որ առաջիկայում սահմանափակումները կվերանայվեն:
Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ հանրապետությունում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22-ը: Արցախի պարետն այսօր ստորագրել է նախագահի հրամանագրից բխող որոշումներ: Համաձայն դրանց՝ դյուրացվել են Արցախ մուտք գործելու պայմանները: Մի քանի օր է՝ հայկական երկրորդ պետությունում վարակի նոր դեպքեր չկան, կորոնավիրուսից ապաքինվում է ընդամենը 15 մարդ:
Ամուլսարում ուրան կա՞, թե՞ ոչ: Եվ առկայության դպքում ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ առաջին անգամ հրապարակելու է Գրոմովյան հետազոտության ամբողջական արդյունքները: Դրա համաձայն՝ Ամուլսարում 76 տոննա ուրան կա: Ղուկասյանի խոսքով՝ ուրանի արդյունահանումը կարող է հսկայական էկոլոգիական վնասներ պարունակել:«Լիդիան Արմենիա» ընկերությունը այս պնդումը համարում է անհեթեթություն:«Էպիկենտրոն»-ի հետ զրույցում ընկերության Կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը նշել է.«Մենք ունենք ոսկի արդյունահանելու լիցենզիա, ուրիշ լիցենզիա մեզ ՀՀ կառավարությունը չի տվել»: Ստեփանյանը լիահույս է, որ մոտ ապագայում հանքի շահագործումը կմեկնարկի:
Հակաճգնաժամային երկու նոր ծրագիր՝ կառավարության օրակարգում: Գործադիրը հերթական նիստն է գումարել, հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ ծրագրերը: Դրանցից մեկը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին, իսկ մյուսը՝ խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 2003-2015 թվականների ընթացքում Հայաստանի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերվել են դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին:
Կառավարության երեկվա որոշմամբ՝ մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգվեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետը: Թեև արտակարգ դրությունը երկարացվում է, սակայն որոշակի մեղմացումներ են սահմանվում: Օդային սահմանների նկատմամբ կիրառվող մեղմացումները ցամաքային սահմանի վրա չեն տարածվի: Վերացվում է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը: Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv