Items filtered by date: Երեքշաբթի, 14 Ապրիլի 2020
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2020 22:14

Էպիկենտրոն 14.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրվա երկրորդ կեսից հետո պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: Առանցքում եղել է համաճարակային իրավիճակն ու դրա հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները: Իշխանականները բարձր են գնահատել պետության հակաճգնաժամային միջոցառումները, իսկ ընդդիմադիրները հանդես եկել առաջարկներով: ԲՀԿ-ականներն առաջարկել են հնարավորություն տալ քաղաքացիներին տնօրինելու կալանքի տակ գտնվող դրամական միջոցները, իսկ Միքայել Մելքումյանը հնարավորություն է տեսնում զրոյացնելու երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել, պարզապես երկու ավիաընկերություն ժամանակավորապես կորցրել են դեպի Եվրոպա թռչելու իրենց իրավունքը,- այսօր տեղի ունեցած հեռավար ասուլիսի ընթացքում ասել է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով՝ թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության զեկույցում որևէ կերպ նշված չէ, որ Հայաստանի քաղավիացիայում թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Ռևազյանը խոսել է նաև իր ու վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի մասին՝ հաստատելով իրենց միջև եղած տարաձայնությունները:

 

Կառավարությունը շարունակում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 ծրագրերի իրականացումը: Արդեն մոտ 18 հազար քաղաքացու համար 1.4 մլրդ դրամ գումար է փոխհատուցվել: Կառավարությունը հեռավար քվեարկել և հաստատել է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, համաձայն որի՝ պետությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվարին 10-30 հազար դրամի գազ ու 5-10 հազար դրամի հոսանք սպառած բաժանորդների կոմունալները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն, անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին, պարզաբանել է, թե ինչ պատճառներով են մերժվում ներկայացված դիմումները:

Գրավը կկիրառվի որպես ինքնուրույն խափանման միջոց: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության օրենսդրական առաջարկը: ԱԺ-ն քննարկել է նաև Միքայել Մելքումյանի հեղինակած սոցիալական օրինագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավորն առաջարկում է երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում միանվագ նպաստը տրամադրել միանգամից և ամբողջությամբ: Մեկ այլ հոդվածով՝ առաջարկվում է երեխայի խնամքի նպաստ տրամադրել նաև չաշխատող ծնողին՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը: Նախագիծը խորհրդարանում պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով, որպեսզի շահառուները կարողանան դրանից օգտվել այս տարվա հուլիսի 1-ից:

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 14:00-ի դրությամբ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է 29 հազար 443 ընտրող կամ ընտրողների 28.4%-ը: Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% կողմ ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։ Մայիլյանը, հիշեցնենք, կոչ է արել արցախցիներին չմասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը գումարել է հերթական նիստը: Պետությունների առաջնորդների մասնակցությամբ կոնֆերանսը կայացել է տեսակապով: «Այսօր երկրները կանգնած են մարտահրավերների առաջ, որոնք ոչ միայն սպառնալիք են առողջապահության համակարգերի, քաղաքացիների, այլև խնդիրներ են ստեղծում տնտեսության համար»,- ասել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն:

Այս օրերին հայ մարզիկները մարզվում են նույնիսկ ավտոտնակներում: «Սպորտն ընդդեմ կորոնավիրուսի» շարքից այսօր կանդրադառնանք ծանրամարտիկ Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանին: Գյումրեցի մարզիկը, որն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, այժմ ստիպված է մարզավիճակը պահելու համար մարզվել ավտոտնակում: Ի՞նչն է մոտիվացնում մեր մարզիկին ու ի՞նչ մարտահրավեր է նա դրել իր առաջ, փորձել է պարզել մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:

Դրական նորություններ կորոնավիրուսի դեմ պայքարում: Երեկվա 685 թեստից դրական է եղել 28-ը, առողջացմամբ հիվանդանոցներիցից դուրս է գրվել 54 քաղաքացի: «Առաջին անգամ դրական ախտորոշված դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը, եզրակացնելով՝ ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ գրանցվել է մահվան 2 նոր դեպք: Վարչապետը դիմել է գործատուներին՝ կոչ անելով ապահովել աշխատակիցների համար հնարավոր անվտանգ աշխատանքային միջավայր:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը լայն թափով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը Երևանում ու հանրապետության բոլոր մարզերում: Այս անգամ սննդամթերքով լի կապոցներ են հատկացվել Հրազդան քաղաքի և հարակից համայնքների կարիքավոր ընտանիքներին և տարեցներին: Բացի այդ, տարեցներին տրամադրվել է նաև հեռախոսահամար, որպեսզի նրանք հարկ եղած դեպքում կապ հաստատեն հիմնադրամի աշխատակիցների հետ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։