Քաղաքապետարանը Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված որոշ լրատվամիջոցների խմբագրությունների ծանուցում է ուղարկել տարածքը լքելու մասին: Պարզվում է՝ այս հասցեում գործող որոշ լրատվամիջոցներ քաղաքապետարանին պատկանող կառույցում անհատույց կամ վարձակալական հիմունքներով տարածք են զբաղեցնում արդեն մի քանի տարի: Ըստ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրի՝ գրության մեջ իրավական հիմնավորում չկա, տարածքը լքելու որոշումը բացատրվում է արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ: Որոշ լրատվամիջոցներ այդ ծանուցումը ստացել են այն ժամանակ, երբ լրացել է իրենց պայմանագրի ժամկետը,որոշներն էլ պնդում են, թե չեն պատրաստվում հեռանալ, ավելին՝ դատարան կդիմեն: Քաղաքապետարանը խոստացել է հանդես գալ պատասխան հայտարարությամբ:
Այսօր կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը: Օրակարգում եղել են ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին մեր մարզիկների նախապատրաստական գործընթացների և բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին սառեցնելու վերաբերյալ հարցերը: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անցել է իրավական և բարոյական բոլոր սահմանները, և Ֆեդերացիայի շարունակական խախտումները ստիպում են վերանայել բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել գործկոմի անդամների կողմից: Մարզաշխարհի ներկայացուցիչները նշել են, որ Արթուր Գևորգյանը չարիք է հայկական բռնցքամարտի համար:
Խառնաշփոթի մեջ է հայտնվել Երեւանի պետական համալսարանը: Վերջերս պետական վերահսկողության ծառայությունը բուհում խախտումներ է հայտնաբերել, որոնց գումարվել են ոստիկանության հայտնաբերած կաշառքի ու չարաշահումների դեպքերը: Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի անունն էլ շոշափվում է կաշառք վերցնելու գործով: Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են համալսարանի դիմաց եւ պահանջել անհիմն չմեղադրել ռեկտորին: Ցուցարարներն այստեղ դիտավորություն են տեսնում ՝ նշելով, որ փետրվարի 28-ին կայանալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցն է քննարկվելու: Ակցիայի ժամանակ մասնակիցներին է մոտեցել Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետը և հայտարարել՝ «Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»: Հիշեցնենք, երեկ տեղեկություն էր տարածվել, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:
«Եվրամիության հետ վիզաների ազատականացման ժամկետ չկա»,- հերթական անգամ հիշեցրել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա չի կարող հստակ ժամկետ կամ ամսաթիվ ասել: Գործընթացը տևական ժամանակ է պահանջում: Հայկական կողմը տեղյակ է միգրացիոն հարցերի հետ կապված Եվրամիության որոշ անդամ երկրների անհանգստության մասին: «Առաջընթաց կա, բայց դա քաղաքական որոշում է, որը պետք է միության երկրները կայացնեն»,- ասել է Սվիտալսկին: Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները նա շատ ինտենսիվ է որակել, SEPA-ի շրջանակում երկխոսությունը՝ դինամիկ: Դեսպանն անդրադարձել է նաև Արցախի հակամարտության կարգավորմանը, քաջալերող համարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, նաև արտաքին գործերի նախարարների հանդիպումները:
«Դաբրոների կարգավորման ժամանակն անցյալում է»,- ասել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն՝ անդրադառնալով Հանրային հեռուսատառադիոընկերության խորհրդի նախագահի սպասվող ընտրությանը: «Ես նույնիսկ լավ իմաստով ինձ անտեսված եմ զգում: Ո՛չ վարչապետի, ո՛չ փոխվարչապետների հետ չեմ շփվում, ոչ ոք չի ասում ինձ՝ «այս պետք է անես, այն պետք է անես»,- հավաստիացրել է Հակոբյանը: Ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է: Նոր նախագահի անունը հայտնի կդառնա ապրիլին: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը խոսել է նաև հեռուստաընկերությունների առաջ ծառացած խնդիրների մասին:
Վերաքննիչ դատարանները նշում են հիմնադրման 20 ամյակը: Դատական մարմինը ստեղծվել է 1999 թվականի հունվարի 12-ին, երբ ուժի մեջ են մտել «Դատարանակազմության մասին» օրենքը և քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որոնցով ամրագրվել է դատական իշխանության եռաստիճան կառուցվածք: 20ամյա կառույցը միշտ հետաքրքրել է մարդկանց՝ հասկանալու, թե որտեղից է սկսվում ու ինչպես է փոխվում մարդու ճակատագիրը: Հոբելյանական օրվա առթիվ փակ մարմինը բացել է բոլոր դռները: Արգելված գոտում եղել ու դատարանի փակ դռները բացել է նաև Աիդա Կարապետյանը: