Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո հերթը հասել է հարցուպատասխանին: Վարչապետին հարց ուղղելու համար գրանցվել է աննախադեպ թվով՝ 53 պատգամավոր: Հարցերը եղել են ամենատարբեր բնագավառներից՝ տնտեսությունից մինչեւ գործազրկություն, աղետի գոտու բնակարանաշինություն, կրթություն, հարեւան երկրների հետ հարաբերություններ: «Oպտիմալացման հետևանքով բախվելու ենք գործազրկության հետ, ինչն ինքնին ենթադրում է աղքատություն: Կառավարության ծրագրում գործազրկության դեմ պայքարի թեզը չի՞ հակասում արդյոք գործնականում իրականացվող քայլերին»,-հետաքրքրվել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ի պատասխան նրա՝ որոշակի թվային ցուցանիշ ներկայացնելու հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օպտիմալացման հետևանքով կկրճատվի 150-200 մարդ:
Ազգային ժողովն այսօր սկսել է կառավարության ծրագրի քննարկումը: Այն խորհրդարանում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Ունենք լեգիտիմության աննխադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և կառավարություն, առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեօլիգարխիկ վերջին բացիլներիից »- ծավալուն ելույթի սկզբում ասել է վարչապետը: Ներկայացնելով առաջիկա հինգ տարիների անելիքները` Փաշինյանը նշել է՝ կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, նպաստել թոշակների, աշխատավարձերի շարունակական աճին: «Հենց դա ենք համարում տնտեսական հեղափոխություն», -ընդգծել է կառավարության ղեկավարն ու խորհրդարանի բարձր ամբիոնից ազդարել Հայաստանում համաժողովրդավարական տնտեսական հեղափոխության մեկնարկը:
Տարբեր երկրների ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձառու ֆինանսիստներ Հայաստանում են՝ քննարկելու պրոգրեսիվ և համահարթ եկամտահարկի կիրառման փորձը: «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսական զարգացում թեմայով» միջազգային համաժողովը նախաձեռնել են «Քաղաքական դիսկուրս» հանդեսը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը:
Հայաստանն ու Կիպրոսը պաշտպանական ոլորտում կգործակցեն ևս երկու ուղղություններով: Մեր երկրում է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը: Հայ գործընկերոջ հետ հանդիպմանը գործակցության 13 ուղղություններին ավելացել են նաև ռազմական ոլորտում տվյալների փոխանակման և ժամկետային պարտադիր զինծառայության կազմակերպման ուղղությունները: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի մահվան դեպքին:«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել»,- ասել է նախարարը: Տոնոյանն անդրադարձել է նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությանը՝ շեշտելով, որ այն իրականացվում է օրենքի տառին համապատասխան:
Արդեն տասնվեց տարի Հայաստանում գործում է տեղեկատվության ազատության մասին օրենք: Ո՞րն է համարվում հանրությանը հետաքրքրող ինֆորմացիա և ինչպե՞ս պետք է այն ստանալ: Ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները հավաքվել են հասկանալու, թե ինչու՞ է մեր երկրում շատ հաճախ տեղեկատվությունը փակ փահվում հասարակությունից ու լրատվամիջոցներից: Տեղեկատվության ազատության ջատագովները դժգոհել են, թե հաճախ ինֆորմացիան տրամադրելիս պետական կառույցները խախտում են օրենքով սահմանված ժամկետները, հետո տալիս հարցադրմանը ոչ ուղիղ պատասխան: Նման դեպքերը երբեմն հանգուցալուծվում են դատարանում: Ոլորտի ներկայացուցիչների խոսքով, սակայն, դատական կարգով խնդրի լուծումը ժամանակատար է, և դրան հակակշիռ մարմին պետք է ստեղծել:
«Տնտեսական հեղափոխությունն առանց գումարի աղբյուրի, առանց ժամկետի և առանց մեխանիզմի անհնար է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատասխանելով Կառավարության ծրագրի վերաբերյալ հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ «Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, չենք կարող կողմ քվեարկել»: ԱԺ նիստի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նաև խմբակցության նիստ է անցկացվել:
Հերթական ակցիան Երևանում: Այս անգամ բողոքի են դուրս եկել Ալիխանյան փողոցի բնակիչները: Մոտ 20 օր առաջ իրենց շենքերի մոտակայքում տեսել են նոր շենքի կառուցման մասին հայտարարող ցուցանակ: Բնակիչներն անհանգստացած են, որ այդ շենքի պատճառով կխախտվի ամբողջ տարածքի սեյսմակայունությունը: Բացի այդ կվնասվի կենսաբազմազանությունը: Նրանք հայտնել են, որ շենքի կառուցումն արգելելու համար պատրաստ են ընդհուպ կտրուկ քայլերի: Խնդրի վերաբերյալ «Էպիկենտրոնը» զրուցել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ, պարզել շինարարական աշխատանքների մանրամասները: