Այսօր, առավել քան երբևէ, առկա են նախապայմաններ հայ-գերմանական գործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Հայաստանյան վերլուծաբանները բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, կարևոր են համարում վարչապետի այցը Գերմանիա: Ավելորդ է խոսել Գերմանիայի դերի մասին ոչ միայն Եվրամիության քաղաքականության մեջ, ոչ միայն որպես մեծ յոթնյակի անդամ, այլև՝ համաշխարհային դերակատարումն ավելացնող պետություն:
Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Փաշինյան-Մերկել հանդիպումը Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն Անգելա Մերկելի վերջին հայտարարությունը դիտարկում է որպես աջակցություն հայկական կողմին: Սահմանային իրավիճակին ու Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հնարավորությանն էլ «Էպիկենտրոնի» հետ զրուցում անդրադարձել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Փաստաբանները մտահոգված են: Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագիծը, որով նրանք տեղափոխվելու են ընդհանուր հարկման ռեժիմ: Փաստաբանները 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն, օրենքն ընդունելու դեպքում, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարելու: Նրանք կարծում են` այս դեպքում իրենցից շատերը կգործեն ստվերում, բացահայտվելու դեպքում կկրեն լուրջ պատասխանատվություն: Փոփոխությունների դեպքում կվտանգվի արդարադատության մատչելիությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովի շենքում փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, որոշ մարզպետների ու նախարարների հետ: Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է, որ նիստին ներկա են եղել վարչության անդամները: Լիլիթ Մակունցը, սակայն, հերքել է կուսակցական ժողով անելու դիտարկումն ու նշել, որ սա նոր ձևաչափ է, օրենսդիր և գործադիր մարմնի նոր աշխատելաոճ: Իսկ թե ինչո՞ւ այդ աշխատաոճին մաս չեն կազմել մյուս ուժերը, Մակունցը հայտարարել է, թե այս անգամ դրա անհրաժեշտությունը չի եղել: Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի: Ինչո՞ւ է նիստը եղել փակ, ի՞նչ հարցեր են քննարկել, ինչո՞ւ ներս չեն թողել լրագրողներին, ու ովքե՞ր են եղել լրագրողների հետ չշփվելու պայմանավորվածությունը խախտած պատգամավորները՝ կպատմի Աիդա Կարապետյանը:
Շտապ բուժօգնության ծառայությունում բողոքի նոր ալիք է հասունացել: Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձի չափից ու ծանրաբեռնված աշխատանքից: Նրանց խոսքով՝ շատ են անպատեհ կանչերը, որոնք էլ ավելի են հոգնեցնում: Այս ամենի հետևանքով ծառայության որոշ բժիշկներ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել:Պատրաստվում են հեռանալ երկրից: Հնչեղություն ստացած խնդրին արձագանքել է նաև Երևանի քաղաքապետարանը: Կայացել է քննարկում, բարձրաձայնվել են մի շարք հարցեր, լուծումներին սպասել է պետք:
Բեռլինում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել հանդիպումը: Կանցլերի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ ասուլիսի ընթացքում: Պատասխանելով Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ Անգելա Մերկելն ընդգծել է Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլն ու նույնն անելու կոչ ուղղել Ադրբեջանին: Փաշինյանն ու Մերկելն խոսել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու , Եվրամիության հետ առավել սերտ գործակցության, վիզաների ազատականացման վերաբերյալ հարցերին: