«Հայաստանի ֆինանսական համակարգը 2018-ին եղել է կայուն և նույնիսկ կարողացել է շահույթ ապահովել»,- հայտարարել է Կենտրոնական Բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը՝ նշելով,որ հեղափոխությունը բացասական ազդեցություն չի թողել համակարգի վրա։ Ըստ պաշտոնյայի՝ նախորդ տարի տնտեսական աճի ցուցանիշը կարելի է դրա ապացույցը համարել։
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Դռնբաց դատական նիստին ներկայացնելով բողոքը՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նշել են, որ իրենց պաշտպանյալը 30 հիվանդություն ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: Բացի այդ, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է: Պաշտպանները միջնորդել են նաև Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակել: Ի պատասխան պաշտպանների բերած փաստարկների՝ մեղադրող դատախազները նշել են, որ Արցախի հերոս լինելը որևէ արտոնություն չի տալիս ապօրինի գործողություններ իրականացնելու համար: Իսկ Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է նրա՝ դեղերից հրաժարվելու պատճառով: Դատախազները նշել են, որ ներկայացված բողոքը անհիմն է և դատարանը պետք է այն մերժի:
Հայրենիքի սահմաններն օր ու գիշեր մեծ պատասխանատվությամբ պաշտպանող զինվորներն ու նրանց ծնողները հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից 35 գյուղերի բնակիչներին հիմնադրամը հերթական հնարավորությունն է ընձեռել այցելելու Արցախ և տեսակցելու զինվոր որդիներին: Հարմարավետ ավտոբուսներ տրամադարելուց և ամբողջ ճանապարհածախսը հոգալուց բացի՝ հիմնադրամն առաջին անհրաժեշտության իրերով և քաղցրավենիքով լի ծանրոցներ է ուղարկել հայրենիքի պաշտպաններին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծանրոցներ են տրամադրվել նաև այն ծնողներին,որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել մեկնել Արցախ: