Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկել և ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է ավելացված արժեքի հարկի ու եկամտահարկի համահարթ հարկման մասին առաջարկվող դրույթները: ԲՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ որոշ դրույթների հետ համաձայն չեն: «Լուսավոր Հայաստանն» էլ կարծում է, որ նախագիծը շատ ուշացած է, և կառավարության այս տեմպը չի կարող տնտեսության զարգացման բերել:
Կոռուպցիոն սխեմա՝ ավտոմաքսատան գործունեության ընթացքում: Իրավապաշտպան Արա Խաչատրյանը պնդում է, որ որոշ դեպքերում ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ ոչ իրավաչափ գործողություններ են կատարվում: Նա կոնկրետ դեպք է ներկայացրել: Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանել են: Վերջին շրջանում նկատելի է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության տված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից: Քաղաքացի Արա Խաչատրյանի՝ այսօր ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում:
«Տնտեսության մեջ ստվերը փոքր ու միջին բիզնեսում է, իսկ խոշոր բիզնեսի դեպքում դրա ծավալները չնչին են»-, խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում բյուջեի կատարողականն են ներկայացրել տնտեսական բլոկի ներկայացուցիչները: Անդրադառնալով ներդրումներին՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ դրանք ոչ թե պակասել են, այլ «պակաս են»: Անդրադառնալով տնտեսվարողների վախերի և ներդրումներից խուսափելու վերաբերյալ հարցին՝ նախարարը պնդել է. ներդրողների մոտ մտահոգություններ չկան, ուղղակի իրերն իրենց անուններով չեն կոչվում:
Այսօր հրաժարականներ են ներկայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը, որը Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն էր: Զեյնալյանը դիմելով Ֆեյբուքի հետևորդներին գրել է. «Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի, լինելու է՝ շատ լավ»: ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել է, որ Արդարադատության նախարարության և Արտակ Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում եղել են մտահոգություններ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով,որ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին: Իսկ ո՞ւմ անունն է շրջանառվում Արդարադատության նոր նախարարի պաշտոնում:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ներքաղաքական մի շարք թեմաների: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ նախագահը վարչապետի՝ սևազգեստ մարդկանց մասին հայտարարության, Աբովյանի քաղաքապետի ընտրությունների, Մարտի 1-ի գործի և Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանը ո՛չ հաստատել, և ո՛չ էլ հերքել է Մարտի 1-ի գործով հարցաքննվելու վերաբերյալ տեղեկությունը, ընդգծել՝ այդ օրերի իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի: «Եթե ապացուցվի,որ Մարտի 1-ի հետ կապ եմ ունեցել,թող հրապարակային գնդակահարեն»,-վերահասատատել է ԲՀԿ նախագահը:
«Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք՝ Ռուսաստանից ինչ-որ բան եւս ստանալ: Ոչ այնքան փոքր բան»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա որոշ մանրամասներ է ներկայացրել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, հայտնել, որ Կրեմլի ղեկավարի հետ քննարկել է նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը: Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Իսրայելի Էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի և «Յանդեքս» ընկերության ղեկավարության հետ:
Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նորից դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պաշտպաններն իրենց բողոքում նշել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ և այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։ Այսօր Վերաքննիչ քրեկան դատարանը քննել է Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքը: Նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու համար։