Հանճարեղ լոռեցու մասին հանճարեղ բառերն ու մտքերը շատ են: Բանաստեղծի ծննդյան առիթով նրա երևանյան թանգարանում տարբեր միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել է նաև Կրթության նախարարը: Արայիկ Հարությունյանը Խնկո Ապոր անվան գրադարանում երեխաների համար Թումանյանի սիրված հեքիաթն է կարդացել: Բացի այդ, այսօր նաև երջանկահիշատակ գրող Լևոն Անանյանի նախաձեռնած գիրք նվիրելու օրն է: Ազգային գրադարանում կազմակերպվել է թումանյանական ցուցադրություն, այցելուներին գրքեր են նվիրել:
Ի՞նչ գրքեր են խորհուրդ տալիս ընթերցել պատգամավորները: «Էպիկենտրոն»-ը հետաքրքրվել է, թե ովքե՞ր են մեր խորհրդարանականների ամենասիրելի հեղինակներն ու արդյոք նշու՞մ են Գիրք նվիրելու օրը: Պարզվում է՝ որոշ օրենսդիրներ նաև գրքերի հեղինակներ են: Գիրք նվիրելուց բացի իշխանական և ընդդիմադիր պատգամավորները Մեծն Լոռեցու ծննդյան օրը Թումանյան են արտասանել: Ի դեպ, «Էպիկենտրոն»-ը նաև հետաքրքրվել է, թե ով է ավելի շատ օգտվում Ազգային Ժողովի գրադարանից:
«Այս տարվա հունվարին 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, ՀԴՄ կտրոնների քանակն անշեղորեն բարձրանում է», -խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մասնակցել է հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնության վերաբերյալ քննարկմանը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, թե որքա՞ն աշխատատեղ է դուրս բերվել ստվերից և ի՞նչ ռազմավարություն է Կառավարությունն ընտրել, որպեսզի բոլոր տնտեսվարողները ՀԴՄ կտրոն տրամադրեն:
«Մեկուկես ամսում 311 վարորդ զրկվել է վարելու իրավունքից»,- ֆեյսբուքյան լայվում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով, սակայն, վարորդներից վարելու իրավունքից զրկվել են ոչ թե բալերը սպառելու, այլ խիստ կոպիտ խախտումների հետևանքով: Փաշինյանն ասել է, որ հեղափոխության օրերին արված իրենց հայտարարությունը, թե վարորդը տուգանվելու մատերիալ չէ, այսօր էլ հաստատում են: Ըստ Փաշինյանի՝ հենց դա է պատճառը, որ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափ է սահմանվել 29 հազար դրամը: Վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ վկայականը կասեցված վարորդների թվի կեսից ավելին մեքենան վարել է խմած վիճակում: Յոթ տասնյակից ավելի դեպքերով հարուցվել է քրեական գործ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ժամանակ լրացուցիչ հարցաքննվել է տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանը: Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ նա դատարանում ցուցմունք էր տվել և ասել, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հերթապահ մասի պատուհաններին և դռան վրա կրակել են Արայիկ Խանդոյանն ու Արմեն Բիլյանը: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ կողմերը ցանկացել են ևս մեկ անգամ ճշտել՝ արդյոք Մուրադյանը պնդու՞մ է իր ցուցմունքը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv