Items filtered by date: Երկուշաբթի, 08 Փետրվարի 2021
Երկուշաբթի, 08 Փետրվարի 2021 22:06

Էպիկենտրոն 08.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարի մոտ են: Պահանջը նույնն է՝ հստակ տեղեկություն իրենց որդիների գտնվելու վայրի ու կարգավիճակի մասին: Արդեն 5 ամիս է, ինչ ամեն օր թակում են պատկան կառույցների դռները, սակայն մինչև այսօր ոչ մի արդյունք: Հարազատներն ասել են, որ բազմաթիվ հարցեր ունեն գլխավոր շտաբի պետին և Պաշտպանության նախարարին: Նրանցից 5-ին այսօր հաջողվել է հանդիպել Վաղարշակ Հարությունյանի հետ:

«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է հանրապետական զինվորական հավաքակայանում: Չնայած համավարակով պայմանավորված՝ ծնողներին արգելված է եղել ներս մտնել, սակայն նրանք չեն շտապել հեռանալ հավաքակայանի բակից: Զորակոչիկների հարազատներն անկեղծացել են՝ հետպատերազմական իրավիճակում բանակ գնացող որդիների համար անհանգիստ են: Մտավախությունները կփարատվեն, եթե երկրում խաղաղություն լինի:

Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ: Երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար ծնողները հաճախ ստիպված են լինում տարիներով սպասել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ հերթում գտնվողների թիվը զգալիորեն աճել է: Ըստ ծնողների՝ մոտ 12.000 երեխա այս պահին հերթագրված է մանկապարտեզ գնալու համար:

Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լիլիթ Մակունցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն այդ հայտարարությունը որակել է զավեշտալի, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ մանիպուլյատիվ: Էդմոն Մարուքյանը հորդորել է լուրջ չվերաբերվել իշխանության հայտարարություններին և վստահություն հայտնել, որ արտահերթ ընտրություններ լինելու են:

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցները պնդել են, որ Բադասյանին ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն Բադասյանին բերման էր ենթարկել հունվարի 28-ին՝ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին ուղղված սպառնալիք պարունակող հայտարարության համար: Իսկ հունվարի 30-ին դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը:

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում բողոքի ակցիաները չեն դադարում: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները շարունակում են պահանջել նոր տնօրենի հեռացումը՝ պնդելով, որ նրա նշանակումը հովանավորչության արդյունք է: Քարմիլե Առաքելյանն այսօր վերջապես պատասխանել է «Էպիկենտրոն»-ի հարցերին: Նա հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները, ասել, որ չի ճանաչում կառավարման խորհրդում ընդգրկված անձանց: Առաքելյանը նաև հայտարարել է՝ տնօրենի պաշտոնից հրաժարվել չի պատրաստվում:

«Արվում է առավելագույնը հայ գերիներին վերադարձնելու համար»,- այսօր լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ առանցքային այս հարցով անձամբ զբաղվում են Ռուսաստանի նախագահը, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը: Դեսպանը նաև անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրություն անցկացնելու հարցին, պատմել, թե ինչ է քննարկել Հայաստանի նախկին նախագահների հետ իր վերջին հանդիպումների ժամանակ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։