Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական անգամ հավաքվել են կառավարության մոտ: «Ընտրությունից 8 օր է անցել, բայց դեռ ոչ մի գերի չի վերադարձել»,-ասել են ակցիայի մասնակիցները: Նրանք անիմաստ են համարել ծնողների հետ անմիջական կապ պահելու նպատակով հանձնաժողով ստեղծելու կառավարության նախաձեռնությունը: Կեսօրին գերիների հարազատներին ընդունել է վարչապետի պաշտոնակատարը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր բժշկական համայնքին է ներկայացվել «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գիրքը: Սա ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանի չորրորդ գիրքն է: Այն նախատեսված է շտապ օգնության բժիշկների համար: Գրքում ապացուցողական բժշկության հիման վրա լուսաբանվում են շտապ օգնության տեսական և գործնական հիմնահարցերը:
Գրիգոր Զոհրապի 160-ամյակի առթիվ ռեժիսոր Գրիշա Մնոյանն իր թատերախմբի հետ բեմականացրել է թատերական ներկայացում՝ հեղինակի «Փոստալ» ստեղծագործության հիման վրա: Բեմադրությունը հանդիսատեսին է մատուցվում պոլսահայ գրողի լեզվով:Թատերախումբը մտադիր է ստեղծել Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենի թատրոն:
Մեդիա նախաձեռնությունների media.am կայքը վրացի գործընկերների հետ ստուգում է ֆեյսբուքի հայ օգտատերերի ու լրատվամիջոցների հրապարակած լուրերի իսկությունը: Այս որոշումը որոշ լրատվամիջոցներ համարում են ճնշում մամուլի հանդեպ: Լրատվական գործունեությամբ զբաղվողները կարծում են, որ այսպիսով թիրախավորվում են այն ԶԼՄ-ները, որոնք քննադատում են իշխանությանը:
Մասնագետների խոսքով, սոցիալ- տնտեսական խնդիրներից բացի, ստեղծված իրավիճակին նպաստել են նաև պատերազմից հետո ստեղծված իրադարձությունները: Նախկինի համեմատ՝ այսօր 370 հազարի հասնող ներքին ու արտաքին ուղևորությունների արդյունքում 90 հազար քաղաքացի չի վերադառնում հայրենիք: Ինչպե՞ս է հնարավոր մեղմել իրավիճակը: Այս և մյուս հարցերի պատասխանները՝ առաջարկվող տեսանյութում:
ԿԸՀ-ն երեկ ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրության վերջնական արդյունքները: Այսպիսով՝ նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ: Հանձնաժողովը ստացել է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 3 դիմում, որոնք մերժվել են: «Հայաստան» դաշինքը հնարավորինս սեղմ ժամկետներում ընտրության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում: