Հանրապետական հավաքակայանից այսօր բանակ է ճանապարհվել նորակոչիկների հերթական խումբը: Տղաները մարտական ոգով են պատրաստվում համալրել Հայաստանի զինված ուժերը:
Մեր երկրում Չինաստանի դեսպանը հերքել է Ադրբեջանից տարածվող լուրերը, թե Բաքվում Չինաստանի դեսպանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում կարևոր ներդրումային քայլ է համարել Զանգեզուրի միջանցքը: Ֆան Յունն ընդգծել է, որ այդ հայտարարությունը ճշտել է Ադրբեջանում իր գործընկերոջ հետ: Հայաստանում Չինաստանի դեսպանը հույս է հայտնել նաև, որ գերիների վերադարձը չի ուշանա:
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ դիմելու իր հայցի մանրամասները: Դիմումը բաղկացած է 12 կետից և վերաբերում է 88 հազար ձայնի: Քաղաքական ուժն այսօր բարձր դատարան է դիմել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով: Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ են դիմել նաև «Զարթոնք», «Հայոց «Հայրենիք» կուսակցությունները և «Պատիվ ունեմ» դաշինքը:
Այս տարվա հունիսի երկրորդ կեսին հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանի պատմական ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել: Պատճառը հուլիսին սպասվող տաք օդային հոսանքների ավելի վաղ ներթափանցումն է հանրապետության տարածք: Ըստ մասնագետների՝ երկրում դիտված այս անոմալ շոգը ջրասակավության պատճառ է դարձել: Ջրամբարների լցվածության մակարդակն էլ զիջում է նախորդ տարիների ցուցանիշներին:
Տարածքային կառավարման մասին օրենքի նոր փոփոխությամբ՝ մարզպետները հաշվետու են լինելու ոլորտը համակարգող փոխվարչապետին: Ըստ ընդդիմադիրների՝ օրենքն ընդունվել է Սուրեն Պապիկյանի պաշտոնը բարձրացնելու, նրան վարձահատույց լինելու համար: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը «էպիկենետրոն»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ փոփոխությունը միջամտություն է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործունեությանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv