Պարետատան նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ՖԲ-ի ուղիղ եթերում խոսել է COVID-19-ի հետ կապված իրավիճակի մասին: Անդրադառնալով հարցին, թե որն է կառավարության «սխալը» վիրուսի դեմ տարվող պայքարում՝ վարչապետն ասել է. «Մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ»: Փաշինյանը կրկին կոչ է արել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները և հայտարարել, որ յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվությամբ պետք է օգնի, որպեսզի իրականացնենք, այսպես ասած, «կորոնավիրուսային հեղափոխություն»:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը չի բացառել, որ երեկ Կապանում տեղի ունեցած բազմամարդ ցույցը կարող է դառնալ վիրուսի բռնկման նոր օջախ: Նա կոչ է արել հետևել բժիշկների հորդորներին, մաև անդրադարձել է հարցին, թե ինչու է աշխարհում վիրուսը նաhանջում, իսկ մեր երկրում՝ աճում:
Արցախի նախագահն այսօր ընդունել է պաշտպանության բանակի հրամանատարին: Ջալալ Հարությունյանը զեկուցել է առաջնագծում տիրող իրավիճակի, հակառակորդի զորավարժությունների մասին: Արցախում արտաքին մարտահրավերներին դիմագրավելու սկզբունքը շարունակում են համարել ներքին միասնականությունը: Արայիկ Հարությունյանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից այսօր գործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
Բողոքի ակցիա քաղաքապետարանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման հիմնադրամ» ՀՈԱԿ-ի` արդեն նախկին աշխատակիցների մասնակցությամբ: Հիմնարկի աշխատողները հայտարարում են, որ նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում՝ իր գործողությունները պատճառաբանելով որպես «անվտանգության հարց»: Ի պատասխան քննադատությունների ՝ քաղաքապետի մամուլի խոսնակն ասել է, որ տեղի ունեցած բոլոր գործողություններն օրինաչափ են եղել: Նա նաև մեկնաբանել է կադրային փոփոխություններում քաղաքապետի կնոջ մասնակցության վերաբերյալ տեղեկությունները:
Մեծածավալ փոփոխություններ Ոստիկանության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ օրենքներում: Կառավարությունն առաջարկում է ՃՈ-ն ու պարեկապահակային ծառայությունը ընդգրկել պարեկային ծառայության մեջ: Նոր պահանջներ են սահմանվելու ոստիկանների նկատմամբ՝ հաղորդակցության հմտություններից մինչև լեզուների իմացություն: Նախագծի հեղինակների համոզմամբ՝ նոր կարգավորումները ոչ միայն համակարգային, այլև մշակութային փոփոխություններ կբերեն:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է ուսումնասիրությունը դիմակների շուկայում. գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ է հարուցվելու: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հակամոնոպոլ կառույցի ղեկավարն ասել է, որ ակնկալում է՝ դիմակի գինն առաջիկայում կնվազի:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ՖԲ-ի ուղիղ եթերում անդրադարձել է իր տեղակալի կողմից հովանավորչության մասին ԲՈԿ նախագահի հայտարարությանը: Սմբատ Գոգյանը, հիշեցնենք, հայտարարել է, որ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ, սակայն Դիանա Գալոյանն առ այսօր զբաղեցնում է պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ «Գիտական աշխատանքներում արտագրություններն ու թարգմանությունները ֆիքսելու փաստը արձանագրել է իմ կողմից ստեղծված հանձնաժողովը: Այստեղ հովանովորչության մասին խոսելն արդեն աբսուրդի ժանրից է»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ իրավապահ մարմիններին խնդրելով իր հայտարարությունը դիտարկել հաղորդում հանցագործության մասին:
Սյունիքում երեկ ամբողջ օրվա ընթացքում իրավիճակը լարված է եղել: Ոստիկանությունը մի քրեական գործի շրջանակում լուսադեմին Կապանի բաժանմունք բերման է ենթարկել Քաջարանի 4 քաղաքացիների: Ավելի ուշ պարզվել է, որ նրանցից մեկը սխալմամբ է բերման ենթարկվել, վերջինն էլ հայտնել է, որ բաժանմունքում ենթարկվել է բռնության: Դրանից հետո իրավիճակը Կապանում կտրուկ սրվել է, ձերբակալված քաջարանցիներին անհապաղ արձակելու պահանջով վաղ առավոտից մինչև կեսգիշեր բազմամարդ բողոքի ակցիաներ են ընթացել: Կատարվածի հանգամանքները պարզելու համար ոստիկանապետի հրամանով ծառայողական քննություն է սկսվել: ՄԻՊ-ն էլ հայտարարել է, որ ծառայողական քննությունը բավարար չէ, և պետք է քրեական գործ հարուցվի: Իսկ Քննչական կոմիտեն կեսգիշերին մոտ է միայն դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv