Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ: Վարչապետը Լոս Անջելեսից ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել գործակցության հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը եղել է «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայանում, հանդիպել նաև Սիլիկոնյան հովտում աշխատող հայազգի մասնագետների հետ: «Մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծել միայն աշխատանքով՝ հույսներս դնելով մեր տաղանդի վրա»,-ասել է Փաշինյանը: Մինչև Սան Հոզե մեկնելը վարչապետը հարցազրույց է տվել «FoxNews11» հեռուստաալիքին: Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորմանը՝ երկրի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է երկխոսության հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Արցախի պաշտպանության բանակում ևս մեկնարկել ու շարունակվում են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները: Ըստ մտահղացման՝ այս միջոցառումը ոչ միայն և ոչ այնքան զինված ուժերի գործողությունների համար է նախատեսված, որքան հակառակորդի ագրեսիայի պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անելիքներին, զինված ուժերի ստորաբաժանումների միջև գործակցության հարցերին: Զորավարժանքին ակտիվ ներգրավված է նաև պահեստազորը:
Հայաստանում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունները, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առավոտից հավաքակայաններում հետևում է զորավարժության ընթացքին: Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այս զորավարժությունն աննախադեպ է զորահավաքով: Նախարարն անդրադարձել է նաև նախօրեին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձին:
Գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Նրա մահվան մասին ահազանգը ոստիկանությունը ստացել է երեկ՝ ժամը 23:50-ին: Հարությունյանը եղել է Բջնիի իր առանձնատանը: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են նախկին ոստիկանապետի դին, նաև արնանման հետքեր, ПСМ տեսակի ատրճանակ և պարկուճ: Ըստ ձեռք բերված տվյալների՝ դեպքի օրը Հարությունյանի հետ առանձնատանը եղել է ինչ-որ անձ, որը հարցաքննվել է: Պարզվել է նաև, որ նախկին ոստիկանապետը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Նշենք, որՀարությունյանն առանցքային վկա էր Մարտի 1-ի գործով: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Բջնիում, նկարահանումներ արել նրա տան մոտակայքում, լսել, թե ինչ են պատմում հարևանները: Մեր տեսախցիկը նաև ֆիքսել է, թե ինչպես է մի մեքենա մոտենում Հարությունյանի տանն ու տանում որոշակի իրեր:
Բուռն քննարկում է ծավալվել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել է ավտոմեքենաների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Մելքումյանի հրավերով քննարկմանը մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը, նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը մթնոլորտն այնքան է թեժացել, որ Ֆինանսների նախարարի տեղակալը ցանկացել է լքել նիստերի դահլիճը: Միքայել Մելքումյանը պնդել է, որ ամեն գնով անհրաժեշտ է թեթևացնել Հայաստանի քաղաքացիների մաքսային ծանրաբեռնվածությունը:
7-րդ գումարման խորհրդարանի 132 պատգամավորների գործունեությունը նորից խոշորացույցի տակ է: Փաստերը՝ թվերով. միայն 2-րդ նստաշրջանի ընթացքում գումարվել է 6 հերթական և 4 արտահերթ նիստ, բոլոր արտահերթերը եղել են կառավարության նախաձեռնությամբ: Ամենաակտիվ պատգամավորն էլ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է՝ ընդհանուր 72 հարցով և ելույթով: 2-րդ նստաշրջանի թվերն ու վիճակագրությունն՝ առաջարկվող տեսանյութում:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը: Փաստաթղթում նշվում է 4 հիմք, որոնք իշխող խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար: Բավական բուռն քննարկումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: «Իմ քայլ»-ից բացի նախաձեռնությանը կողմ է քվեարկել «Լուսավոր Հայաստանը»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ իր դիրքորոշումը կհայտնի առաջիկա օրերին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv