Հայաստանի նախագահությամբ վերջին նիստն այսօր կայացել է Սանկտ Պետերբուրգում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին: «Կարծում եմ, որ լավ ու արդյունավետ նախագահություն ստացվեց, վստահ եմ, որ կշարունակենք գործակցությունը նման ոգով»,- ասել է Փաշինյանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին, և նրան այդ պաշտոնում կփոխարինի Միխայիլ Մյասնիկովիչը, որը մինչև այս զբաղեցրել է Բելառուսի վարչապետի և Ազգային ժողովի խորհրդի նախագահի պաշտոնները:
Վարչապետի տիկինը դարձել է արյան դոնոր՝ արձագանքելով սոցիալական ցանցերում վերջին օրերին տարածված «Արյան դոնորների կարիք կա» կոչին: Աննա Հակոբյանը հայտարարել է, որ պատրաստ է ժամանակ առ ժամանակ դառնալ արյան դոնոր ՝ համոզված լինելով, որ դրանով կօգնի մեկ այլ մարդու բուժման ընթացքին:
Խորհրդարանում անցկացվել են լսումներ՝ կրթության ոլորտի բարեփոխումների ու առաջիկա ռազմավարական մարտահրավերների վերաբերյալ: Կրթության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է,որ աննախադեպ ավելացել է կրթության և գիտության բյուջեն, մեծ գումարներ են նախատեսվել դպրոցաշինության համար: Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կրթության համակարգում չկա համակարգային կոռուպցիա: Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ դպրոցների ապաքաղաքականացումը կարևոր ձեռքբերում է, սակայն, եթե իշխանությունն այսօր ուսուցիչներին հանձնարարի անել այն, ինչ նրանք անում էին նախկինում, գերակշիռ մասն անելու է դա:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ամփոփել է 2019-ին մարզում կատարած աշխատանքը: Իրականացվել է մոտ 413 միլիոն դրամի 22 ծրագիր՝ ճանապարհաշինությունից մինչև մանկապարտեզների նորոգում: Մարզպետը պատասխանել է նաև, թե ինչու՞ է հաճախ սկանդալների թիրախում հայտնվում: Վերջին աղմկահարույց պատմությունն էլ վարսավիրին ծեծելու մասին լուրն էր: Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ հրապարակման համար լրատվականից հերքում է պահանջել, գործը դատարանում է:
«Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիան հրապարակել է նոյեմբերին Երևանի բոլոր վարչական շրջաններում և հանրապետության 10 մարզերում անցկացված հարցումների արդյունքները: Երևանից հարցմանը մասնակցածների թիվը 37% է, մարզերից՝ 67%: Քաղաքացիները երկրում մեծագույն խնդիր են համարում գործազրկությունը, աշխատատեղերի բացակայությունը, փոքրագույնը՝ կոռուպցիան: Քաղաքացիները գնահատել են խորհրդարանի, կառավարության, նախագահի ու վարչապետի աշխատանքը:
Հայաստանի բանտերն այլեւս գերբեռնված չեն։ 12 քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար,սակայն այսօրվա դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց թիվը 2230 է: Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանն ասել է, որ համակարգի առաջնահերթ հարցերից մյուսը աշխատակից-բանտարկյալ շղթայում կոռուպցիայի բացառումն է: Ծառայության ղեկավարը աղմկահարույց հայտարարություններ է արել, ասել, որ, օրինակ, կալանավայրերում անօրինական ծառայություններ են մատուցվել խոշոր գումարների դիմաց:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv