Մայրաքաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Շարժման առաջնորդներն անդրադարձել են ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մեղադրանքներ հնչեցնելով նաև նախագահի հասցեին: Ըստ նրանց՝ ոչինչ դեռևս ավարտված չէ, և վարչական դատարանն ունի հնարավորություն` վերականգնելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում: «Այն սպան, որը կհամաձայնի ընդունել Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը և կնշանակվի ԳՇ պետ, գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը»,- հայտարարել է Իվետա Տոնոյանը: Իշխան Սաղաթելյանն էլ անդրադարձել է վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և շարժման առաջնորդներին ուղղված նախագահի հրավերին:
«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որն այսօր քննարկվել է ԱԺ-ում, նպատակ ունի հստակեցնել անհայտ կորածների իրավական կարգավիճակը և նրանց հարազատներին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Քննարկման հիմնական մասն անցել է փակ դռների հետևում:
Մտավորականներն այսօր հավաքվել են Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ, բարձրաձայնել իրենց մտահոգությունները: «Սյունիքն ու Հայաստանը վտանգված են»,- ահազանգել են նրանք՝ կոչ անելով գիտակցել իրավիճակի լրջությունն ու դուրս գալ փողոց:
«ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել»,- այս կարծիքին է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախագահը հնարավորություն է ստեղծել, որ Բարձր դատարանը քայլ կատարի: Իսկ իշխող խմբակցության պատգամավորները պարզաբանել են՝ ինչու՞ ՍԴ դիմելը չի փոխի ԳՇ պետի ազատման գործընթացը: Նրանք վստահ են, որ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա: Պատգամավորները նաև անդրադարձել են արտահերթ ընտրություններին: «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է, որ այս փուլում իշխանության հետ հուշագիր չի կնքի:
Վարչապետը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Գեներալ-գնդապետ Գասպարյանը դիմել է վարչական դատարան՝ հայտարարելով, որ երկրում առկա ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրության միջոցով: ԶՈւ ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին և ընդգծել, որ նրա հորդորն ընդունում է որպես հանձնարարական: «Վարչապետի պաշտոնում Փաշինյանի յուրաքանչյուր օրն ու ժամը քայքայում են երկրի անվտանգությունը»,- հայտարարել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv