Քիչ առաջ վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել իր հանրությանը, որ Բաքվում ամեն րոպե սպասում են վերջնական հաղթանակի լուրին:«Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար է լինելու: Փաշինյանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է ժողովրդական ուժերի բացառիկ համախբում և կարգապահություն, հրամանների` առանց քննարկելու և անվերապահ պատրաստակամություն: Երկրի ղեկավարն անդրարձել է նաև իր երեկվա ելույթին, նշել, որ դա հակասական մեկնաբանությունների էր արժանացել և ավելացրել, որ ուրախ է դրա համար:« Այդ ելույթը նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալ մեր հանրության անվերապահ պատրաստակամությունը Արցախի համար անմնացորդ պայքարելու գործում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Արցախի հյուսիսում թշնամին անհաջողությունը անհաջողության հետեւից է կրում պատերազմը սկսելուց ի վեր: Հակառակ բազմաթիվ կորուստներին` այս ուղղությամբ լուրջ ճեղքում չի եղել: Այնուամենայնիվ, հերթական անգամ հայտարարված հրադադարին հակառակ շարունակվող կրակոցները հուշում են՝ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան:
Այսօր երեկոյան արտահերթ նիստ է գումարել Հայաստանի ԱԺ-ն: Օրակարգում պաշտպանության ոլորտին վերաբերող 4 նախագծեր են եղել, որոնց խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել: Նախագծերը անհետաձգելի են, դրանց երկրորդ քննարկումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում: Կառավարությունն առաջարկում է վավերացնել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան։
Պատերազմական գործողությունների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսության երկու դեպք: Կալանաավորվել է բարձրաստիճան նախկին զինվորական և մեկ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին այսօր հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալը:Մեկ ամսվա ընթացքում ԱԱԾ-ն բացահայտել է նաև զինծառայողների շրջանում կեղծ լուրեր տարածելու, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների դեպքեր:Արմեն Աբազյանը նշել է, որ շրջանառվող լուրերը,թե ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի նկատմամբ դավաճանության հոդվածով գործ է հարուցվել,իրականությանը չի համապատասխանում: Ներկայացվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործություններն ապացուցող փաստեր:
Դավիթ Տոնոյանը հրամանատարական կազմի հետ քննարկել է Հայաստանի հարավային սահմանի օպերատիվ իրադրությունը: Նախարարին զեկուցել են, որ զինված ուժերը պատրաստ են առկա բոլոր ուժերով հասցնել հուժկու հարված և թշնամու նկատմամբ կիրառել զինանոցում գտնվող զենքի բոլոր տեսակները: Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտյան Ադրբեջանն անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը,ապա շարունակել է կրակ վարել հարավային սահմանի ուղղությամբ.կան վիրավորներ:Հայաստանի սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:
20 րոպե ուշացումով այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգը բավական արագ է սպառվել: Առավոտյան խորհրդարանի աշխատանքը փոքր-ինչ հետաձգվել է քվորում չլինելու պատճառով: Մինչև կեսօր պատգամավորները կողմ են քվերակել տնտեսական բնույթի օրենքներում փոփոխությունների և մի քանի վարկային համաձայնագրերի նախագծերին: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է,որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը տրվել է Կարապետ Մխչյանին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv