ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նոր նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել: Ծառայությունից խուսափած կամ խուսափող քաղաքացիներին նա առաջարկում է վերադառնալ հայրենիք, վճարել 10 միլիոն դրամ, ծառայել մեկ ամիս և ազատվել քրեական պատասխանատվությունից: Պատգամավորի կարծիքով՝ այդ կերպ Զինված ուժերը կհամալրվեն պայմանագրային ծառայողներով: Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովը քննարկել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրինագիծը, որով նա առաջարկում է գաղտնալսման իրավունք տալ նաև ոստիկանությանը:
Աբովյան քաղաքում գործարկվել է աղբի հավաքման և վերամշակման նոր համակարգ: Տեղադրվել է Հայաստանում աղբի վերամշակման առաջին լոկալ կայանը, որն աշխատում է փակ այրման համակարգով: Այն վերացնում է աղբը առանց արտանետումների և էկոլոգիական վնասների՝ փոխարենը արտադրելով գազ կամ էլեկտրաէներգիա: Գյուտի և սարքավորումների հեղինակը արմատներով Կոտայքից, սակայն երկար տարիներ ՌԴ-ում ապրած Դավիթ Դավթյանն է: Կայանը Հայաստանում աշխատեցնելու գաղափարին ընդառաջել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Նա համոզմունք է հայտնել, որ էկո քաղաքի մեխանիզմը կտարածվի մյուս համայնքներում ևս:
Ինչպե՞ս սահմանափակել քաղաքացիների վարկային ծանրաբեռնվածությունը: Խորհրդարանում անցկացվել են լսումներ «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով: Կառավարության ֆինանսական բլոկի պատասխանատուներն անդրադարձել են բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսադրույքներին: Գլխավոր դրամատան ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին տասներկու տարում վարկավորման տոկոսադրույքները ստաբիլ նվազում են: Նա նաև ընդգծել է, որ «սև» կամ «սպիտակ» ցուցակ չկա, կա հաճախորդի վարկային պատմություն:
«Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի, տիրողի բարդույթ: Մեր խնդիրն է, որ այդ բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»,- ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցանքների հետաքննության համար այսօր ստեղծված են հնարավոր լավագույն պայմանները: ՀՔԾ պետը զեկուցել է, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում քննված գործերով վերականգնված գումարի չափը 7 անգամ ավելին է, քան նախորդ 11 տարիների ընթացքում վերականգնված գումարն ամբողջությամբ: Գլխավոր դատախազը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին և հայտարարել. «Ամեն փախչող իր հնարավորությունների գյորա է փախչում»:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը: Վարչապետը ներկայացրել է հետհեղափոխական 1.5 տարիների ընթացքում մի շարք ոլորտներում գրանցած արդյունքները և նշել, որ այս տարվա առաջին 9 ամսվա տվյալներով երկրում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: «Տնտեսական հեղափոխության այս փուլի խնդիրը կառավարությունը լուծել է»,-հայտարարել է Փաշինյանը: Հայաստանն, ըստ նրա, կարողացել է նաև Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացում դիրքավորվել իր ընթացիկ պատկերացումներին, ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը՝ այն հասցնելով մինչև 12 տարվա ազատազրկման: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ընդունվել միաձայն: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը պատմել է, թե ինչպես է իր լրագրողական գործունեության ժամանակ զորամասերում ականատես եղել «դեդավշինայի» դեպքերի: «Բանակում ունենք ինքնասպանությունների տխուր վիճակագրություն: Ցավոք սրտի, սահմանին ավելի քիչ զինվոր է սպանվում, քան բանակում»,-ասել է Զոհրաբյանը: Պատգամավորն ընթերցել է նաև ինքնասպանություն գործած զինվորներից մեկի՝ մորն ուղղված նամակը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv