Տարեսկզբին Գագիկ Ծառուկյանն այցելել էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Այցի ընթացքում կրթօջախի աշխատակիցները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին խնդրել էին աջակցել քոլեջի ճաշարանի վերանորոգման հարցում: Խնդրանքն անարձագանք չմնաց․ ավելին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնորոգվեց ոչ միայն քոլեջի ճաշարանը, այլև մարզօջախի բակում սպորտ հրապարակ կառուցվեց, որտեղ իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունն են բարելավելու քոլեջի սաները:Կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ դեկտեմբերի 24-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ էին այցելել հայրենական սպորտի ղեկավարները՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ՀԱՕԿ նախագահը ծանոթացավ ճաշարանի և խոհանոցի պայմաններին, զրուցեց պատանի մարզիկների և մարզիչների հետ, հորդորեց ջանք ու եռանդ չխնայել և արդյունավետ աշխատել: Կարևորորելով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի դերը՝ մարզօջախի ղեկավարությամը հանձնարարվեց ամբողջ հանրապետությունով մեկ մանրակրկիտ ընտրություն կատարել և լավագույն տվյալներով օժտված երեխաներին ընդունել քոլեջ: Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը, որպես ամանորյա նվեր, 3 մլն դրամ հատկացրեց քոլեջի աշխատակազմին:
