
Երևանում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համաշխարհային ստուգատեսի մեդալներն էին վիճարկում 68 երկրների շուրջ 400 բռնցքամարտիկներ:
Վճռորոշ մենամարտերին տեղում հետևեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, 4 հաղթանակ տոնելուց հետո, եզրափակիչ էր դուրս եկել 81կգ քաշային Նիկոլ Հարությունովը: Մեր բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար մենամարտում ուժերը չափեց շոտլանդացի Սքոթ Ֆորեստի հետ: Բոլոր երեք ռաունդներում էլ մրցավարները նախապատվությունը տվեցին Նիկոլ Հարությունովին: Ի վերջո, մեր բռնցքամարտիկը 13:9 հաշվով պարտության մատնեց շոտլանդացուն և աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեց:
Ոսկե մեդալից բացի մեր հավաքականը նաև մեկ բրոնզե մեդալ նվաճեց:Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց գերծանր քաշային Նարեկ Մելքոնյանը: Նա այս առաջնությունում զիջեց միայն ապագա չեմպիոն անգլիացի բռնցքամարտիկին: Աշխարհի առաջնության մասնակիցների անունից ԱԻԲԱ-ի նախագահ Չին Կու Վուն շնորհակալություն հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային և ՀԱՕԿ նախագահին՝ համաշխարհային այս ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ուշագրավն այն է, որ հայկական կողմի ընդունելությունից գոհ էին նաև Ադրբեջանի պատվիրակները: Գագիկ Ծառուկյանը համոզված է՝ նմանօրինակ միջոցառումներն աշխարհին ներկայանալու լավագույն միջոցն են: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը փաստեց՝ Հայաստանը պատրաստ է անցկացնել Եվրոպայի և աշխարհի մեծահասակների առաջնությունները:
