Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Օլիմպավանում ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամանդային: ՀԱՕԿ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին և հայկական պատվիրակությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Դեսպան Յամանդան նշել է, որ Ճապոնիան լավագույնս է նախապատրաստվում օլիմպիական խաղերին, Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին ընդգծել է , որ Հայաստանը ևս ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մեր մարզիկները լավ մարզավիճակով ներկայանան օլիմպիական խաղերին: Դեսպան Ջուն Յամանդան, ով արդեն հասցրել է շրջել Օլիմպավանում և ծանոթանալ հայ մարզիկների համար ստեղծված հնարավորություններին, նշել է, որ տպավորված է այն մեծածավալ աշխատանքով, որն իրականացնում է Գագիկ Ծառուկյանը հայկական սպորտի զարգացման համար: ՀԱՕԿ նախագահն ու դեսպան Յամանդան քննարկել են նաև համատեղ գործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
