Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 16.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայրենիքի փրկության շարժումը արժանապատվության հերթական բազմամարդ երթն է անցկացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Երթի մասնակիցները կանգ են առել ԱԱԾ-ի, ոստիկանության և գլխավոր դատախազության շենքերի դիմաց: Ընդդիմությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել է մինչև վաղը՝ ժամը 17-ը, տրամադրել տեղեկատվություն, թե ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը: Երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում: «Դեկտեմբերի 22-ը դառնալու է պայքարի ամենավճռական օրը»,- հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Առաջիկա երեքշաբթին հայտարարվել է համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր:

«Դինամո» մարզադահլիճում ընթանում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին այս տարի մասնակցում է բավականին քիչ բռնցքամարտիկ: Տղամարդկանց 8 քաշային կարգերում ներկայացված է 50, իսկ կանանց 3 քաշային կարգում՝ ընդամենը 6 մասնակից:

«Հետ տվեք մեր երեխաներին». այսօր վաղ առավոտից թեժ և լարված իրավիճակ է եղել ՊՆ-ի դիմաց: Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջել են կոնկրետ քայլեր ձեռնարկել իրենց զավակներին վերադարձնելու համար: Հարազատները ցանկացել են հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց ընդունել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նախարարության դիմաց երկար սպասելուց հետո ծնողների մի մասը կոտրել է դուռը ու մտել շենքի վարչական տարածք: Նրանց մի մասն էլ ներս է մտել ցանկապատով:

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ ուղղություններով մարտական ծառայություն իրականացնող անձանցից շատերին երեկ ազգականները տեսել են ադրբեջանական տեսանյութերում՝ գերեվարված: Նրանց մեծ մասը Շիրակի մարզից են: Այսօր մարզի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվել, գերեվարված զինծառայողների հարազատները ճանապարհներ են փակել, պարզաբանում պահանջել պետական մարմիններից: Ցուցարարները պահանջել են նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը նոր աղետ է բերում երկրին:

«Խծաբերդի ուղղությամբ քանի տասնյակ հայ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ Պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները»,- հայտարարել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը ժողովրդին ուղղված տեսաուղերձում պատասխանել է նաև հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք ավելի շուտ դադարեցնել պատերազմը՝ ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, ինչպե՞ս և որտեղի՞ց է կառավարվում Պաշտպանության բանակը, և ինչու՞ չի հրաժարվել նախագահի պաշտոնից:

Հակասական տեղեկություններ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների մասին: Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ մոտ 60 զինծառայող է անհետ կորել, տեղեկացրել է Արցախի օմբուդսմենը: Իսկ ՊԲ-ն հայտնում է 30 զինծառայողի շրջափակումից դուրս գալու մասին: Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինա Աչոյանն էլ տեսանյութ է տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 12-ին գերությունից ազատված մի քանի տասնյակ հայ զինծառայողները հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ շարժվել են դեպի Խծաբերդի խաչմերուկ: Այս իրարամերժ հրապարակումներին է անդրադարձել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Մայրաքաղաքում միայն մեկ օր ցուցադրվել են Դադիվանքի կրպակի ձեռագործ աշխատանքներն ու հուշանվերները: Ներկայացվել են նաև Արցախի ավանդական ուտեստներն ու քաղցրավենիքները, տարբեր գրքեր: Ցուցադրության ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի բնակիչներին:

Կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ակցիան է անցկացվել՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կերպարանքով խրտվիլակ են դրել գործադիրի շենքի մոտ և որպես հայրենիքը վաճառելու խորհրդանիշ՝ կոպեկներ շաղ տվել նրա վրա: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ վարչապետն այլևս չի ներկայացնում ժողովրդին և պետք է օր առաջ հրաժարական տա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։