Items filtered by date: Հինգշաբթի, 25 Փետրվարի 2021
Հինգշաբթի, 25 Փետրվարի 2021 22:55

Էպիկենտրոն 25.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Բաղրամյան փողոցը և վրաններ տեղադրել երթևեկելի հատվածում: Նրանք աղբամաններով ու նստարաններով փակել են նաև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը: Քաղաքացիները նշել են, որ պատրաստ են այնտեղ գիշերել այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը չհեռանա: «Հարցը լուծվելու է Աժ-ում, մեր շտաբն այստեղ է»,-հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Իշխան Սաղաթելյանն էլ հայտնել է, որ պատվիրակություն են ուղարկել նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը ժամը 15-ից հանրահավաք է սկսել Ազատության հրապարակում՝ կոչ անելով քաղաքացիներին կանգնել Զինված ուժերի կողքին: Ընդդիմության ներկայացուցիչները հայատարարել են, որ Փաշինյանի իշխանությունն արդեն հոգեվարքի մեջ է և փորձ է անում ժողովրդին տրամադրել բանակի դեմ՝ հրահրելով բախումներ: Շարժման անդամների պնդմամբ՝ ԳՇ հայտարարությունը դատապարտել է երկու մարդ՝ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հավաքին միացել է նաև ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Ակցիայի ժամանակ երկնքում կործանիչ է հայտնվել, որին քաղաքացիները ծափերով են ողջունել:

Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով ոստիկանությունից միանալ զինվորականների պահանջին և կանգնել բանակի կողքին: «Երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, և պետք է ամեն ինչ անել քաղաքացիական բախումներից խուսափելու համար»,- ասել են ակցիայի մասնակիցները:

ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ԶՈՒ-ն միաժամանակ իշխանությանը նախազգուշացրել է ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց: Հայտարարությունը հաջորդում է ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը, որը գլխավոր շտաբը համարել է անհեռատես և չհիմնավորված: Հայտարարության տակ ստորագրել են Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալները, բանակային կորպուսների հրամանատարները և բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ:

Նոր ճեմուղի Սևանի ափամերձ հատվածում. բազմաթիվ բնակիչներ ու տարածքների վարձակալներ բոյկոտել են նախագիծն ու պահանջել հստակ պատասխաններ: Այսօր հանրային քննարկում է կայացել վարձակալների, սեփականատերերի և նախագծի հեղինակների հետ: Ի՞նչ ճակատագիր է սպասվում ապամոնտաժման ենթակա կառույցներին, և արդյո՞ք կստանան փոխհատուցում սեփականատերերը՝ պարզ չէ:

Զգոնության և համերաշխության կոչերով են հանդես եկել Մայր Աթոռը, Մարդու իրավունքների պաշպանը, տարբեր բարձրաստիճան սպաներ, քաղաքական ուժեր: Մայր աթոռը կործանարար է համարել իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով զերծ մնալ քաղաքացիական բախումներից: Օմբուդսմենն էլ ընդգծել է՝ իշխանությունն ու առաջին հերթին իրավապահները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: ԲՀԿ քաղխորհուրդը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: ԲՀԿ-ն նաև կոչ է արել ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ:

Խորհրդարանական ընդդիմությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնում: Ստորագրահավաքն արդեն սկսված է: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ: «Կոչ ենք անում իշխանությանը զերծ մնալ այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել բախումների»,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։