Items filtered by date: Երկուշաբթի, 13 Հունվարի 2020
Երկուշաբթի, 13 Հունվարի 2020 22:15

Էպիկենտրոն 13.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Աննախադեպ մեծ օրակարգով տարվա անդրանիկ նիստն է գումարել Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովը: 3 տասնյակից ավելի հարցերի քննարկումն այսօր չի ավարտվել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատգամավորներին օրակարգից չշեղվելու կոչ է արել՝ մի քանի անգամ շեշտելով, որ հանձնաժողովի աշխատանքին հետևում են մանրադիտակով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է օրենսդիր-գործադիր աշխատանքին և նշել, որ չի կարելի կառավարությանն ընդունել որպես առաջատարի: Բավական բուռն է անցել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախագծի քննարկումը, որով նա առաջարկել է խորհրդարանական լսումներ անցկացնելու լիազորություն տալ նաև ԱԺ փոխնախագահներին:

Արամի 23 հասցեի շենքի հարցը, որտեղ գործում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, շարունակում է մնալ չլուծված: Երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնել է խնդրի մասին: Ըստ նրա՝ Նոր Հայաստանում հին բարքերն ու ապօրինությունները շարունակվում են. քաղաքապետարանը, նախարարությունն ու կառավարությունը չեն կարողանում մի կազմակերպության «փորած փոսից» դուրս գալ: Արամի 23 շենքի պատի փլուզման պատճառ դարձած «Ի Էմ Սի» ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, որի պատճառով շենքի վերականգնման աշխատանքները չեն սկսվում:

Շվեյցարիայի Լոզան քաղաքում այս օրերին ընթանում են ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերը: Խաղերին Հայաստանը կներկայացնի դահուկավազորդ Սպարտակ Ոսկանյանը, որը մրցավայր կմեկնի հունվարի 16-ին: Պատանեկան օլիմպիական խաղերին պատշաճ ներկայանալու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզագույք և մարզահագուստ է հատկացրել պատանի դահուկորդին և նրա մարզչին:

Արցախում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու նրանց անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Երեկ պաշտպանության բանակում տեղի են ունեցել մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողություններ, որոնց ներկա է եղել նաև նախագահ Բակո Սահակյանը: Նրան ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

«2019 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 62.4 միլիարդ դրամով»,- անցած տարվա աշխատանքային գործուներությունն ամփոփելիս արձանագրել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Անցած տարվա ուշագրավ ցուցանիշներից է նաև հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով շուրջ 56.4 միլիարդ դրամ հին պարտքը վերադարձնելը՝ առանց պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորած ցուցանիշը վերանայելու: Անդրադառնալով հարկային մարմնում տրվող պարգևավճարներին՝ ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիր է դրվել որոշակի արժանապատիվ վաստակի չափ ապահովել աշխատակիցների համար, որպեսզի որակյալ մասնագետների արտահոսք չլինի:

«Այս տարվա ընթացքում դեպի Հայաստան մեծ ավիահոսքեր են սպասվում։ Մասնավորապես Ryanair-ը, որ Իտալիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքներ է իրականացնելու, կապահովի զբոսաշրջիկների մեծ հոսք»,- ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով՝ օդի տուրքը հանելը մեծ ազդեցություն է ունեցել դեպի Հայաստան ներհոսքի ապահովման համար։ Վաղը սպասվում է իռլանդական Ryanair ավիաընկերության առաջին թռիչքը Իտալիայից Հայաստան։ Կոմիտեի նախագահն ասել է, որ առաջին թռիչքի հետ կապված որոշ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ Իտալիայում կարգավարները գործադուլ են անում: Ռևազյանը վստահաբար հայտարարել է, որ թռիչքը կիրականանա, սակայն կարող է ուշացում լինել:

Բաքվում իրականացված հայերի ջարդի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, կառավարության անդամներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Պետական այրերը ծաղկեպսակ են դրել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Չնայած մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են տեղի ունեցածը, Ադրբեջանը մինչև օրս շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։