«Փարիզը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացը, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,-հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ժոնաթան Լաքոթի խոսքով՝ Մինսկի խմբի եռանախագահները ակտիվ շփումների մեջ են: Ըստ դեսպանի՝ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանից ուղարկված բոլոր դիմումները, որոնք կվերաբերեն պաշպանությանը:
Սահմանային լարվածության ֆոնին խորհրդարանում այսօր բավական հանգիստ է եղել: Օրեր անց 7-րդ գումարման ԱԺ-ի կազմում աշխատանքը պաշտոնապես ավարտող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ՝ այդ թվում առանցքային հանձնաժողովների նաագահները,եղել են իրենց աշխատասենյակներում , սակայն հրաժարվել են մեկնաբանել Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ու դրանց նպատակը:
Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից ակտիվորեն հետևում է սահմանին ստեղծված իրավիճակին և հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով: Չնայած Բաքուն առավոտյան նշել էր,որ համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը Երևանի ժամանակով ժամը 10-ից,սակայն արդեն ժամը 10:30-ի դրությամբ Արման Թաթոյանը քաղաքացիներից ահազանգեր է ստացել,որ Ադրբեջանի զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի համայնքների ուղղությամբ:«Թշնամու հանցավոր արարքները կոպտորեն խախտում են բնակիչների կյանքի իրավունքը»,-հայտարարել է օմբուդսմենը:
Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ: Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել: Հայտնում է ՊՆ-ն: Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանների նկատմամբ ամենալայնածավալ մարտական գործողություններն Ադրբեջանը սկսել էր այսօր՝ գիշերվա ժամը 03:40-ի սահմաններում: Հայկական կողմն ունի 3 զոհ,4 վիրավոր: Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv