Հայաստանի տարածքում ինքնաթիռով թռչելն ու քաղաքից քաղաք տեղափոխվելն այլևս անհասանելի երազանք չէ: «Սկայ քլաբ» ընկերության ձեռք բերած ինքնաթիռը Եղվարդ քաղաքում կառուցված գրունտային ավիադրոմից հնարավորություն կտա նաև տուրիստական թռիչքներ իրականացնել և թռչնի թռիչքի բարձրությունից բացահայտել Հայաստանի գեղատեսիլ վայրերը: «Էպիկենտրոն»-ի մարզական մեկնաբան Արամ Մանուկյանն առաջիններից մեկն է, ով Հայաստանում թռիչք է իրականացրել «Սեսնա 172» ինքնաթիռով: Ուսումնական թռիչքի ժամանակ նա հնարավորություն է ստացել նաև անձամբ կառավարել օդանավը: Ավելի մանրամասն՝ առաջարկվող տեսանյութում:
Վաղը Հայաստանի անկախության հռչակագիրը դառնում է 30 տարեկան: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի ընդունած հռչակագրով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Խորհրդային նախկին պետության անկախության ձեռքբերման հաջորդ փուլով` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեով ժողովուրդը «այո» ասաց Հայաստանի անկախությանը: Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում վերհիշել է փաստաթղթի ընդունման պատմական ակնթարթները: Նա ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում անկախությունը սիրել Նոր տարուց ոչ պակաս:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՍԴ դատավորի՝ կառավարության հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ: Մինչև դռնփակ հանդիպման մեկնարկը, Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր թեկնածության մասին քննարկումները եղել են խիստ նախնական՝ զրույցի տարբերակով, և չի բացառել, որ վերջին պահին որպես թեկնածու իր փոխարեն կարող է առաջադրվել այլ անձ:
Թուրքիան Սև ծովում բացել է իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրը: «Թունա-1» գոտում հայտնաբերվել է 320 միլիարդ խմ ծավալով բնական գազի հանքավայր: «Էներգետիկան ոչ միայն զարգացման հիմնական գործոնն է, այլև կարևոր դեր է խաղում ազգային անկախության ապահովման գործում»,- ասել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ բնական գազի հայտնաբերումն ավելացնելու է Թուրքիայի հավակնությունները համաշխարհային քաղաքական գործընթացներում և Անկարայի ագրեսիվությունը տարածաշրջանային խնդիրներում:
Օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է դրել կրթական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգի մասին նախագիծը: Այն հիմնականում դժգոհության առիթ է դարձել թե՛ կրթության փորձագետների, թե՛ ուսուցիչների շրջանում: Մասնագետները մտահոգ են, որ եթե նախագիծն այս ձևով ընդունվի, ապա կկրճատվեն մեծ թվով հաստիքներ ու աշխատավարձեր: Նախարարությունում այս թեմայով քննարկում է եղել մարզպետների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2021 թվականից:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv