Items filtered by date: Երեքշաբթի, 31 Մարտի 2020
Երեքշաբթի, 31 Մարտի 2020 22:08

Էպիկենտրոն 01.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանի աշխատանքն այսօր լի էր բուռն իրադարձություններով: Նախ կեսօրին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չի կարողացել ընդունել հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն սահմանող աղմկահարույց նախագիծը, քանի որ մեծամասնությանը չի հաջողվել ապահովել անհրաժեշտ թվով ձայներ: Ավելի ուշ արդեն կառավարության նախաձեռնած օրակարգով գումարվել է ևս մեկ արտահերթ նիստ, բայց առանց ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի: Ընդդիմադիր խմբակցություններն արտահերթի մասին իրազեկվել են նիստի մեկնարկին գրեթե զուգահեռ: Արդյունքում՝ սկանդալային նախագիծն ընդունվել է: Ընդդիմադիրները սոցցանցերում բուռն քննադատության են արժանացրել իշխանության գործելաոճը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, պարետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվել է հատուկ չվերթ՝ Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումն իրականացնելու նպատակով: «Նրանք հենց ճեմարանի տարածքում որոշ ժամանակ մեկուսացված են եղել»,- հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Արտերկրում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացիներին արտգործերի նախարարությունը հորդորում է վերադառնալ հայրենիք, քանի դեռ հնարավորություն կա: Իսկ բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող գալ, պետք է կապ պահպանեն դեսպանությունների հետ:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարության շրջանակում ներկա փուլում նախատեսվում է ամենախիստ սահմանափակումների շրջանը, որը նախնական տևելու է մինչև ապրիլի 14-ը, հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը: Վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ոստիկանությանը միացվելու են այլ ուժեր: «Առաջնահերթ խնդիր է դրված վարակի տարածումը հնարավորինս կանխարգելել և նվազեցնել»,-ընդգծել է Ավինյանը: Նա հույս է հայտնել, որ արդեն մայիսի սկզբից Հայաստանն ամբողջապես կվերադառնա բնականոն կյանքին:

Արցախն այսօր նախագահ և խորհրդարան է ընտրում: 14 թեկնածու հավակնում է նախագահի պաշտոնին,ևս 10 կուսակցություն ու 2 դաշինք պայքարում են խորհրդարանի 33 մանդատի համար: Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50534 ընտրող կամ ընտրողների 48,3 տոկոսը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Արդեն քվեարկել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանը և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Համապետական ընտրությունները լուսաբանում են 37 զանգվածային լրատվամիջոցի մոտ 200 լրագրողներ և ավելի քան 900 դիտորդ:

«Վերլուծելով կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ եկել ենք այն եզրակացության, որ խստացված սահմանափակումների ռեժիմը ստիպված ենք երկարացնել առնվազն 10 օրով»,- այս` իր ձևակերպմամբ «ոչ հաճելի» լուրը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՖԲ-ի ուղիղ եթերի ընթացքում: Երկրի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին շատ լուրջ վերաբերվել ստեղծված իրավիճակին:«Մենք այսօր ստիպված ենք բազմաթիվ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել, բայց սա անում ենք իրավիճակը կառավարելի պահելու և ի վերջո կորոնավիրուսը հաղթահարելու համար»-ընդգծել է վարչապետը: Նա խոսել է նաև այսօր ԱԺ-ում չընդունված հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն սահմանող նախագծի մասին՝ հայտնելով, որ հիմա փնտրվում է եղանակ այն նորից խորհրդարան ներկայացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում նշվում է, որ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գնի շուրջ, որոնք Հայաստանն ու Բելառուսը ձեռք են բերում Ռուսաստանից: «Կողմերն արձանագրել են բնական գազի բարձր գինը և նշել, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ներկայիս իրավիճակին»: Բացի այդ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկել է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել: ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դեռ խորհրդարանի մարտի 24-ի նիստում էր հայտարարել, որ լավ պահ է գազի գինը իջեցնելու շուրջ բանակցելու համար:

Երեքշաբթի, 31 Մարտի 2020 17:15

Էպիկենտրոն 31.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ բժիշկներն այս պահին երկրորդ վիրահատության անհրաժեշտություն չեն տեսնում: Երեխան, հիշեցնենք, վիրավորում էր ստացել հակառակորդի կրակոցից: Երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Նոյեմբերյանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպը խստորեն դատապարտել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Արցախում մեկնարկել են նախագահի և խորհրդարանի համապետական ընտրությունները։ Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը` Երևանում: Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 663, որոնցից 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում: Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու, իսկ օրենսդիր մարմնում ներգրավվելու հայտ է ներկայացրել 10 կուսակցություն և 2 դաշինք: Համավարակով պայմանավորված՝ դիտորդական առաքելությունը որոշակիորեն սահմանափակվել է:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։