Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն»,- ՖԲ-ում գրել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ Արցախում մեծ արձագանք են ստացել երեկ «Վալդայ» ակումբում Պուտինի հնչեցրած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին: