Ստեփանակերտում շարունակվում են ռումբերի մնացորդների մաքրման աշխատանքները: Հրթիռների մասերը տարածված են մայրաքաղաքով մեկ՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասի թաղամասերում: Փրկարարները բնակչությանը հորդորում են լինել զգոն. անծանոթ առարկաներ հայտնաբերելու դեպքում զերծ մնալ ավելորդ հետաքրքրասիրությունից ու անհապաղ զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության թեժ հեռախոսահամարներին:
Արցախցի կանայք կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը և այդպիսով խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Նրանք այսօր լուռ ակցիա են իրականացրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց և երախտագիտության խոսք են ուղել Ֆրանսիայի իշխանությանը հայ ժողովրդին ցույց տված աջակցության համար: Նման ակցիաներ տեղի են ունեցել նաև Հայաստանում Ռուսաստանի և Միացյալ նահանգների դեսպանատների առջև:
Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով բեկորային վիրավորում ստացած և «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա է նկատվում: Այնտեղ են բուժում ստանում վարդենիսցի Նարեկը, արցախցի Ռոբերտն ու Արծվիկը: Պատերազմի առաջին օրից այս բուժկենտրոն Արցախից 4 երեխա է տեղափոխվել: Երկուսին դուրս են գրել: Բժիշկները պայքարում են մյուս երեխաներին հնարավորինս արագ ոտքի կանգնեցնելու համար:
Այսօր՝ ժամը 15-ի սահմաններում, Արցախի ՊԲ-ն թշնամու հերթական ՍՈւ 25 ինքնաթիռն է խոցել: Այս մասին հայտնել է ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալը՝վստահեցնելով, որ մեր զորքերը հաջողությամբ իրագործում են իրենց առջև դրված խնդիրները: Գարիկ Մովսեսյանը նաև փաստեր է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային թուրքական F16 կործանիչների ուղիղ ներգրավվածության մասին: Վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն էլ հակափաստարկներ է ներկայացրել այս պատերազմում ահաբեկիչ-վարձկաններ ներգրավելու ` Բաքվի և Անկարայի հերքումներին ի պատասխան:
Ադրբեջանը թիրախավորել է պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղության հոսպիտալներից մեկը: Պաշտոնական Բաքուն, սակայն, պնդում է, թե կրակ չի վարում ոչ ռազմական օբյեկտների ուղղությամբ: Բարեբախտաբար ռմբակոծությունից հոսպիտալում զոհեր չեն եղել: Տեսածի ու զգացածի մասին պատմել է վիրավորներից մեկը: Արցախի մեր գործընկերները տեղում ֆիքսել են Ադրբեջանի հերթական հանցագործության հետևանքները:
Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանները,չդիմանալով հայ մարտիկների ջախջախիչ հարվածներին, աստիճանաբար հիասթափվում են թուրք-ադրբեջանական դաշինքից: Ամերիկյան Washington Post-ը հայտնում է, որ Ղարաբաղում ոչնչացված ևս 52 սիրիացի ահաբեկիչների մարմիններ են թուրք-սիրիական սահմանին փոխանցվել հարազատներին: Զուգահեռաբար Թուրքիայի հովանավորությամբ Արցախի դեմ կռվող ահաբեկիչներն ու նրանց հարազատները համաշխարհային մամուլին պատմում են հայ դիպուկահարների անհանավական արհեստավարժության մասին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv