Items filtered by date: Հինգշաբթի, 01 Հոկտեմբերի 2020
Հինգշաբթի, 01 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 01.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր խաղաղ քայլերթով ու գրություններով բողոքի նոտա են հղել տեղի ադրբեջանամետ պարբերականներին ու հեռուստաընկերություններին: Ակցիայի մասնակիցներն ուղևորվել են նաև Վրաստանում Հայաստանի դեսպանություն՝ ազգագրական երգերի ներքո իրենց աջակցությունը հայտնելու առաջնագծում պայքարող զինվորներին: Բացի այդ՝ Վրաստանի տարբեր քաղաքներից դրամահավաք է կազմակերպվել և ուղարկվել Հայաստան:

Մարտունիում քաղաքացիական կառույցների ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ, այդ թվում՝ հայ եւ ֆրանսիացի լրագրողները, թվիթերյան իր էջում հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Հայկական 2-րդ հանրապետությունում աշխատող «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Մարտունի, նկարահանել հրետակոծվող քաղաքը, զրուցել բնակիչների հետ:

Հակառակորդի թիրախում են եղել նաև տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականի թղթակիցները Մարտունիում մնացել են հրետակոծության տակ: Նրանցից մեկին վիրահատել են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, վիճակը կայուն ծանր է,ֆրանսիացի լրագրողը կտեղափոխվի Երևան:Լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է: Վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողների մասին ուղիղ եթերում խոսել է Էմանուել Մակրոնը: Նա հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան: Մարտական գործողությունները լուսաբանելիս վիրավորում են ստացել նաև «Արմենիա» ՀԸ օպերատորն ու «24News.am» լրատվական կայքի լրագրողը: Նրանց վիճակը, բարեբախտաբար, լավ է:

Առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Բացի այդ հակառակորդը հրետակոծել է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է, հակառակորդի կրակակետերը ճնշվում են: Ընդամենը կես օրվա ընթացքում պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: 1-ին մարտական ուղղաթիռը խփվել է «Լելե Թեփե»-ի հատվածում և ընկել Իրանի տարածքում, 2-րդը հայտնվել է ՊԲ վերահսկողության տարածքում:

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Լելե Թեփեի տարածքում, ՊԲ-ն խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում: Տեղի ունեցածը միտումնավոր չէ,-հայտնում է Հայաստանի ՊՆ-ն: Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով օպերատիվ-մարտավարական իրավիճակը, նշել է, որ մարտական գործողությունները լուսաբացից հետո սկսել են թեժանալ: Ավելի շատ կիրառվում է հրետանի: Հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները մոտ 600, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա:
 

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: ՀՀ քաղաքացին, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով Հայաստանի զինված ուժերում և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ՝ դրանք Վրաստանում փոխանցել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Թե ով է նշված բարձրաստիճան պաշտոնյան, ԱԱԾ-ն չի հաղորդում:

 

Արցախի տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ, այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ այդ ամենը միջազգային իրավունքի տեսակետից ամբողջությամբ ռազմական հանցագործություն է և փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում: Բացի այդ՝ հակառակորդի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Իսկ հակառակորդի կրած կորուստների մասին նոր տվյալներ է հաղորդել Արցախի ՊՆ մամուլի խոսնակը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։