Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ գործկոմի անդամների հետ քննարկել են հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակը, որի արդյունքում էլ գործընկերներին առաջարկել է ընդունել իր հրաժարականը: Վանեցյանը նաև նշել է, որ պաշտոնը թողնելու պատճառը Իտալիա-Հայաստան խաղում մեր հավաքականի աննախադեպ պարտությունն էր: Հրաժարական է ներկայացրել նաև Ֆեդերացիայի գործկոմը:
«ԵԺԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը գնահատում եմ որպես վախի ևս մեկ արտահայտում»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասել է, որ «Սերժ Սարգսյանը չի գնացել, իրեն պարտադրել են, որ գնա»: Ի պատասխան նոր իշխանության հասցեին նախկինների մեղադրանքների՝ իշխող ուժի ներկայացուցիչը մատնանշել է հեղափոխությունից ի վեր ունեցած ձեռքբերումները: Մինչդեռ Հանրապետականները շարունակում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր խոստումները: Ի՞նչն է փոխվել և ի՞նչն է մնացել անփոփոխ. քաղաքական ուժերի ներկայացուցիչներն «էպիկենտրոն»-ի հետ զրույցում մեկնաբանել են Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հիմնական ուղերձները:
«911» ծառայությունն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ, սակայն դեպքի վայր հասնելուց հետո փրկարարները ևս 5 ջոկատի կարիք են ունեցել: Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը, հարակից շինության տանիքը: Դեպքի վայրում է եղել նաև ԱԻ նախարարը:
Գործադիրը որոշել է լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց 30 տարվա վաղեմության խնդիրը: Աճուրդի կդրվի Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պետությանն էր նվիրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը: Մեկնարկային գինը մոտ 7 միլիարդ 530 միլիոն դրամ է: Մեկ այլ որոշմամբ էլ կկարգավորվի խեցգետնի որսը Սևանա լճում: Իսկ կառավարության շենքի դիմաց շարունակվել են բողոքի ակցիաները: Իրենց խնդիրների մասին են բարձրաձայնել Կոնդ թաղամասի և Եկմալյան փողոցի բնակիչները:
«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կտեղադրվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության պաշտոնական կայքում: Նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշել է, որ այս օրերին բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք մանրամասն քննարկել են: Չնայած հանրային մեծ աղմուկին և բողոքի ցույցերին ՝ օրենքի խնդրահարույց կետերը չեն փոփոխվել: Հիշեցնենք՝ նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնվում է բուհերի հայեցողությանը` առանց պարտադիր բաղադրիչի:
Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ: 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv