Բողոքի խոշոր ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց: Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի համարող ցուցարարները, բնապահպաններն ու «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, ոմանք բոյկոտել և դուրս են եկել, իսկ հանդիպման ավարտից հետո վարչապետի ներկայացրած փաստարկներից դժգոհ ցուցարարները բողոքի ակցիան տեղափոխել են Ազգային ժողովի բակ: Իսկ վարչապետն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ թիմակիցների հետ քննարկելու Ամուլսարի հարցը: «Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը: