Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է մայրաքաղաքի աղբահանության ու «Սանիթեքի» հարցը: Քննարկումն ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում: Հայկ Մարությանը մանրամասն ներկայացրել է «Սանիթեքի» հետ ունեցած բանակցությունների և առաջացած խնդիրների մասին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է խնդիրը վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և ընդգծել. պետք է «Սանիթեքին» պարտավորեցնել,որ նա կատարի իր պայմանագրային պարտականությունները: Նկատի ունենալով նաև աղբահանության վերաբերյալ պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաները՝ վարչապետը նշել է, որ «Սանիթեքի» գործողություններում միտում է տեսնում: