Items filtered by date: Երկուշաբթի, 02 Մարտի 2020
Երկուշաբթի, 02 Մարտի 2020 22:06

Էպիկենտրոն 02.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

32 քաղաքացիներ կորոնավիրուսի կասկածանքով երկրորդ օրն է մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Երեկ Ծաղկաձորում էին առողջապահության, ԿԳՄՍ նախարարները, իսկ վարչապետն ընտանիքով էր Ծաղկաձոր այցելել, այնուհետև տեսանյութ հրապարակել, թե ինչ պայմաններում են գտնվում մեկուսացված քաղաքացիները: Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են հրապարակվում, որ կորոնավիրուսի կասկածանքով մարդկանց Ծաղկաձորում տեղակայելու պատճառով տուրիստները հեռանում են կուրորտային քաղաքից: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այսօր այցելել էր Ծաղկաձոր՝ տեղում պարզելու մարդկանց տրամադրությունները:

ԱԺ առողջապահության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում կառավարության որոշման վերաբերյալ, ըստ որի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը պետք է միավորվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ: Կենտրոնի աշխատակիցներն ու համաճարակաբանները գտնում են, որ կառավարման մոդելի փոփոխությունը վատ կանդրադառնա բուժօգնության արդյունավետության վրա, իսկ առողջապահության նախարարությունը նշում է, որ պետք է վերջ տալ կղզիացմանն ու գնալ միավորման ճանապարհով: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահը քննադատել է կառավարության դիրքորոշումը: Նիստին զուգահեռ տեղի է ունեցել բողոքի ակցիա: Նիստի ավարտից հետո Նարեկ Զեյնալյանը անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով նախընտրական քարոզարշավի ընդհատման հավանականությանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փոքր և միջին ձեռնարկատերերի իրավունքները պաշտպանող նախագիծ է ներկայացրել: Դրանով մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները հանրային պաշտպանի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Նախագիծն այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա «հեղափոխական» պատգամավորներին նոր քայլ կատարելու կոչ է արել՝ նշելով, որ օրինագիծը նպաստելու է նաև ներդրումային միջավայրի բարելավմանը: «Իմ քայլը» խմբակցությունն ու կառավարությունը դեմ են արտահայտվել նախագծին:

«Հայաստանում չկա ապրանքների արհեստական դեֆիցիտ, կա դեֆիցիտ»,- հայտարարել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Արհեստական դեֆիցիտը նա է, որ դուք ունեք դիմակ, բայց պահում եք ձեր պահեստում, որպեսզի ստեղծեք արհեստական դեֆիցիտ ու թանկով վաճառեք»,- պարզաբանել է Գևորգյանը և վստահեցրել, որ խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացվել: Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում՝ 200-300 դրամ, բայց դրանք հիմնականում տնտեսվարող սուբյեկտներ չեն:

«Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել»,- կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ավարտին հայտնել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այժմ սպասում են 9 թեստի պատասխանի, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը: Նա հույս է հայտնել, որ արդյունքը բացասական կլինի: «Բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվի, որևէ խուճապի առիթ չպետք է լինի։ Սա հաղթահարելի հիվանդություն է», - շեշտել է երկրի ղեկավարը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, ժամանակավորապես վերականգնել Իրանի հետ վիզային ռեժիմը, նաև խստացնել միջոցառումները բեռնափոխադրումների մասով:

«Կորոնավիրուսի հետ կապված դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում մեկ շաբաթ դադարեցնելու որոշում է կայացվել», -Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է , որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն աշխատում է անընդհատ և հորդորել է վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ «Այս իրավիճակը մենք պատվով, ուժեղացած կհաղթահարենք»,- շեշտել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ կառավարությունը որևէ կենսականորեն անհրաժեշտ տեղեկատվություն չի թաքցնելու: Վարչապետը նաև հորդորել է Ծաղկաձորը ռիսկային գոտի չհամարել՝ հայտնելով, որ գիշերն ընտանիքի հետ այնտեղ է անցկացնելու: Փաշինյանի փոխանցմամբ՝ «Գոլդեն փելես»-ում մեկուսացված մեր հայրենակիցները ապահովված են ամեն ինչով, բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ և ամենակարևորը՝ բոլորն իրենց լավ են զգում:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Այդ մասին առաջինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան տղամարդ է, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից։ Կրկնակի թեսթի արդյունքները եղել են դրական, տղամարդն ինքն է դիմել բժշկի, վիճակն այժմ լավ է: Իսկ նրա կնոջ թեսթի պատասխանը եղել է բացասական: Ավելի ուշ հրատապ ասուլիսում իրավիճակի վերաբերյալ մանրամասներ հայտնեց Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է 32 մարդ: Նրանք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Նախարարը վստահեցրեց, որ երկրում կատարվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։