Մոսկովյան բանակցություններից հետո Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադարի կանոնավոր խախտումներից հետո միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել ադրբեջանա-թուրքական տանդեմի հանցավոր քայլերը: Հատկապես ակտիվացել է համանախագահ երկրներից Միացյալ Նահանգները, որտեղից բավականին կոշտ են արձագանքում Արցախի դեմ շարունակվող ագրեսիային: Ամերիկահայերի կազմակերպած բողոքի ակցիաներին զուգահեռ ԱՄՆ կոնգրեսականները խստորեն քննադատում են ինչպես Բաքվի ու Անկարայի հանցավոր գործողությունները, այնպես էլ իրենց իշխանությունների կրավորական պահվածքը: Հրադադարի ռեժիմը պահպանելու կոչով է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
Համացանցում Արցախի դեմ կռվող վարձկանների մասին հերթական ապացույցն է հայտնվել: «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել, որում երևում է, թե ինչպես են արաբերեն խոսող վարձկաններն ինտենսիվ կրակ բացում մի ուղղությամբ: Նրանց հիմնական մասը կրում է ադրբեջանական սահմանապահ զորքերի համազգեստը:
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս: Եթե առաջիկա մեկ-երկու օրը հակառակորդը չփոխի մարտավարությունն ու գնա հարցի լուծման խաղաղ ճանապարհով, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին ու աշխարհի ոլոր երկրներին», - հայտարարել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը: Հակառակորդը գիշերը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և Արցախի այլ բնակավայրեր՝ խաղաղ բնակչության դեմ գործի դնելով իր բոլոր զենքերը: Արցախի նախագահը նաև հայտարարել է, որ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը, որն այսօր էլ շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv