Երեկ մամուլում տարածվեց գլխավոր մաքսատան աշխատակիցների ստացած պարգևավճարների թիվը: Մի քանի միլիոնի հասնող թվերին անդրադարձել է հենց կառույցի ղեկավարն ու ասել, որ դրանք ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Դավիթ Անանյանը հրաժարվել է նշել պարգևավճար ստացողների անուններն ու ստացած գումարի չափը՝ պատճառաբանելով, որ կխախտվի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Մինչ նրանք հղում են անում օրենքին՝ անձնական իրավունքի ոտնահարման մասին են խոսում քաղաքացիները: Այս ֆոնին մայրաքաղաքում «էպիկենտրոնի» հարցախույզի հերոսներն անկեղծացել են, որ զարմացած են ու հիասթափված:
Հայաստանում պաշտպանած ատենախոսությունների թիվը վերջին երեք տարիներին նվազել է: Դրան զուգահեռ ավելացել է մերժված ատենախոսությունների քանակը: «Դրանք դեռևս կարող են աճել, ինչի շնորհիվ գիտական ոլորտը կմաքրվի»,- ասել է բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը : Նա անդրադարձել է նաև կառույցի տրամադրած պարգևավճարներն, հայտնել, որ եղել է աշխատավարձի չափը գերազանցող պարգևատրում:
23 տարի առաջ դաժանաբար սպանված բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները պնդում են՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը մարդասպան հրեշ է և չպետք է հայտնվի ազատության մեջ: Տարիներ շարունակ սոցցանցերում մարդասպանին հերոսացնելու գործընթացն Աղաջանով ընտանիքն անթույլատրելի է համարում: Կա դատարանի օրինական վճիռ, ըստ որի՝ դաժան մարդասպանը դատապարտվել է մահապատժի և մինչև այսօր չի զղջացել կատարածի համար: Սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան կարծում է, որ Մհեր Ենոքյանին պետք է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:
Երեւանը մետրոյի երկու նոր կայարան կունենա եւ ճոպանուղի: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն ամփոփել է աշխատանքային 100 օրը եւ հայտնել` առաջին հերթին քաղաքի ստրատեգիական խնդիրներն են լուծվելու: Կավելանան Երեւանի կանաչ տարածքները, օպերայի հրապարակն էլ կվերակառուցվի: Արթուր Մեսչյանն ասել է, որ ծրագրեր են մշակում վթարային շենքերում ապրողներին տանիքով ապահովելու համար: Իտալիայից էլ ճարտարապետ է գալու` Արամի 23 շենքի համար: «Երեւանում ոչ մի հուշարձան այլեւս չի քանդվելու»,-ասել է Մեսչյանը, նաև տեղեկացրել՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնում երկար չի մնալու:
Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ տնտեսական ապրանքների վրա դրվող դրոշմապիտակներն այսուհետև կլինեն ավելի փափուկ և երեխաների համար անվտանգ: Գործադիրի որոշմամբ՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: Նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել բացօթյա առևտրով զբաղվողները:
Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Երեկվա նիստի օրակարգում քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցեղ քաղաքացիների խնդիրները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հանդես գալով Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անունից, ուշադրություն է հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու հարցի վրա: Նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով՝ պատգամավորը ներկայացրել է հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, Շվեյցարիայի, Ռուանդայի և Ուկրաինայի նախագահների հետ: Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել, իսկ առաջիկա անելիքների մասին անդրադարձել Euronews-ին տված հարցազրույցում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv