Սոցիալական ցանցերում օրեր առաջ Արցախ մուտք գործելու թույլտվության կարգի մասին տեղեկություններ տարածվեցին: Նշվեց, որ լրագրողները պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից: Արտգործնախարարությունից տարածվող լուրերը հերքեցին, նախարար Դավիթ Բաբայանն էլ պարզաբանեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով Արցախ մուտք գործելու կարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
Արտահերթ ընտրությունների թեմային պատգամավորներն անդրադարձել են նաև հայտարարությունների ժամին: «Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին»,-ասել է Իվետա Տոնոյանը: Ընդդիմադիրները հերթական անգամ բարձրաձայնել են անվտանգությանն առնչվող հարցեր: «Ինչո՞ւ է Հայաստանում պահպանվում ռազմական դրությունը, երբ իշխանությունը ռազմագերիների, անհետ կորածների խնդրով զբաղվում է ընդամենը «գալչկայի համար»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը: Վահե Էնֆիաջյանը հրապարակել է, թե ո՞ր ապրանքներն են թանկացել և ինչքա՞ն, Միքայել Մելքումյանն էլ ահազանգել է՝ երկիրը գնում է տոտալ աղքատացման: Իշխանությունն, ի պատասխան ընդդիմադիրների կոշտ քննադատությունների, համախմբան կոչ է արել:
Բավական սեղմ օրակարգով աշխատանքն է սկսել Ազգային ժողովը: Նստաշրջանի առաջին օրը խորհրդարանը 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրել Լիլիթ Թադևոսյանին:Ի դեպ նրա ընտրությանը պետք է մասնակցեր նաև ԲԴԽ նախագահը: Ռուբեն Վարդազարյանը, սակայն, նիստին չի ներկայացել: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել,որ խնդիրը տեխնիկական է: Իսկ նիստերի դահլիճից դուրս ՝ ԱԺ միջանցքներում, արծարծվել է արտահերթ ընտրությունների թեման: Խորհրդարանից՝ Իզաբելլա Հովհաննիսյանի ռեպորտաժը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը: Դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է իրեն պատկանող գույքի վերաբերյալ պայմանագրեր կնքել: «Եթե խոսքը վերաբերում է Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»,-ասել մեղադրող դատախազը: Այսօր քննվել է նաև գործով վկա,ոստիկանության նախկին աշխատակից Բաբկեն Մկրտչյանին տուժող ճանաչելու հարցը: Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը հետաձգել է վկային տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը:
«Պատերազմի հետևանքները մեզ համար դառն են,բայց ճգնաժամային կառավարման առումով կարողացել ենք լուծել մեր առաջ դրված խնդիրը»,-Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խոսել է տնտեսության վրա ծանր հետևանք թողած երկու գործոնների՝ պատերազմի ու կորոնավիրուսի մասին: Կառավարության ղեկավարին ներկայացրել են հայկական արտադրանքի արտահանման ներուժը մեծացնելու ճանապարհները: