Հայրենիքի փրկության շարժումն ու բազմաթիվ քաղաքացիներ փակել են ԱԺ-ի մուտքերը՝ հայտարարելով, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր: Ի նշան իշխող խմբակցության պատգամավորների դեմ բողոքի՝ ցուցարարներից ոմանք գոմաղբով լցված ուսապարկեր են նետել ԱԺ դարպասներից ներս: Մի խումբ մանկավարժներ էլ թուրքի հարճի շոր են տարել պատգամավոր Անուշ Բեղլոյանի համար: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների: Ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են շարժման առաջնորդների հանդիպման մասին լուրը և հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը շարունակվելու է:
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում եղել է երկու հարց՝ Դատական օրենսգրքում և Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխությունների նախագծերը: Նիստն ընթացել է թեժ մթնոլորտում: Ընդդիմադիրները կոշտ քննադատության են ենթարկել իշխանությանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում օրակարգ պետք է բերվեին գերիներին և հայրենազրկված արցախցիներին վերաբերող հարցեր:
Պաշտպանության նախարարության ինժեներական գնդի հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանը զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ իր ծննդավայր Հադրութում: Ռազմաճակատ է մեկնել կռվի առաջին օրվանից, աչքի ընկել աներևակայելի հերոսություններով: Կինն ամուսնու զինակիցներից է իմացել՝ Աշոտ Ղազարյան անուն-ազգանունը հակառակորդի թիրախային ցուցակի երրորդ համարն է: Հերոսի ընտանիքն այժմ ապրում է բարեկամի տանը՝ սեփականն ունենալու հույսով: