Ռոբերտ Քոչարյանը բանտախցում անգլերեն գրքեր է կարդում: Երեկ ավարտել է Ֆրանսիս Ֆուկույամայի գիրքը, սկսել Սայմոնս Սայենս կարդալ: Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կիսատ է մնացել Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նիստին նաեւ Ռոբերտ Քոչարյանն է ներկա եղել, բայց չի խոսել: Դատախազները ներկայացրել են իրենց բողոքը, պաշտպաններն էլ սկսել են, բայց չեն ավարտել: Բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ կեսօրին:
Հայաստանում այս տարի պլանավորում են ռեկորդային թվով ճանապարհներ կառուցել, կառավարության հերթական նիստում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է ճանապարհաշինության որակի բարձրացման անհրաժեշտության մասին, ընդգծել՝ չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհը: Գործադիրի նիստում անդրադարձ է եղել նաև ավտոգազալցակայաններում գազի թանկացման մասին հրապարակումներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել իրականությունը: Կառավարության որոշմամբ` պետությունը կսուբսիդավորի կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիրը: Վարկը վերջնական սպառողին հասանելի կլինի 2 տոկոսով, իսկ սահմանամերձ գյուղերում՝ զրո տոկոսով:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր հյուրընկալել է օտարերկրյա ներդրողների ու գործարարների: Ներդրողներին հատկապես հետաքրքրել են ԵԱՏՄ տարածքում բիզնես ծավալելու հնարավորություններն ու խնդիրները: Սփյուռքահայ գործարարները Միքայել Մելքումյանին նաև ներդրումային ծրագրեր են ներկայացրել:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական Միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Վիեննայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները: Դեսպանը նաև խոսել է վիզաների ազատականացման մասին՝ նշելով, որ առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ կլինի շոշափելի առաջընթաց: Դեսպանն այսօր մասնակցում էր Հայաստանում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը շարունակելու է պաշտոնավարել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Նա կարծում է, որ թատրոնի գլխավոր անձը հենց գեղարվեստական ղեկավարն է: Ինչ վերաբերում է իրեն տնօրենի պաշտոնից ազատելուն, Օրբելյանն ասել է, որ սպասում է վարչապետի որոշմանը: Մաեստրոն խոսել է նաև իր հետագա ծրագրերի և թատրոնում կուտակված պարտքերի մասին:
Ավտոներկրողները և մեքենաների առքուվաճառքով զբաղվողներն իրենց դժգոհությունները խորհրդարան են հասցրել: Եթե նախկինում նրանք մի մեքենան վաճառում էին, հաջորդն օրենքով ձևակերպում նվիրատվություն և ազատվում հարկերից, հիմա նրանցից հարկեր են պահանջում յուրաքանչյուր մեքենայի գնի 20 տոկոսի չափով: Մտահոգությունների թվում են նաև եկող տարվանից ԵԱՏՄ երկրների համար երրորդ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների նոր մաքսատուրքը: «Մաքսային դրույքաչափի ուժի մեջ մտնելուց հետո հարցականի տակ է դրվելու 20-30 հազար ավտոներկրողների և մեքենաների առքուվաճառքով զբաղվողների աշխատանքը»,-ասել են ավտոներկրողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խնդրին քաջածանոթ է և դրա մասին բազմիցս բարձրաձայնել է թե՛ կառավարությունում, թե՛ ռուս գործընկերների մոտ:
Արդեն մի քանի օր սոցիալական ցանցերի օգտատերերն ու վարորդներն ահազանգում են, որ ապրիլի 1-ից գազալցկայաններում սեղմված գազի գինը բարձրացել է: Կառավարության այսօրվա նիստում վարչապետը խիստ է արտահայտվել այն տնտեսվարողների մասին, որոնք արհեստականորեն ու ապօրինի բարձրացրել են վառելիքի գինը: Գազի գինը թանկացե՞լ է, թե ոչ: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը շրջայց է իրականացրել քաղաքի խոշոր` «Մուլտի Լեոն» և «Մուլտի Գազ» գազալցակայանների ցանցում: Իսկ թե ինչ է արձանագրել մեր տեսախցիկը, առաջարկում ենք դիտել ներկայացվող տեսանյութում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv