«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկման պետք է դրվեր ավելի վաղ, սակայն Մայր բուհն ու Երևանի պետական բժշկական համալսարանը պահանջել էին հետ կանչել այն՝ որոշ կետեր համարելով անընդունելի: Խոսքը, մասնավորապես, այն առաջարկի մասին էր, որով բուհերի ռեկտորներին պետք է նշանակեր նախարարը: Նոր տարբերակում այդ կետը չկա:
Փետրվարի 1-ին Ռուսաստան մեկնած և դեպորտացիայով Հայաստան վերադարձած քաղաքացիները երկու օր է՝ «Զվարթնոց» օդանավակայանում են գիշերում: Նրանք Մոսկվայի օդանավակայանի անցակետից հետ էին ուղարկվել՝ կորոնավիրուսի թեստի ձևաթղթի կեղծ լինելու՝ QR կոդը չճանաչելու պատճառով: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի իրենց վրայից դեպորտը հանեն, վերականգնեն տոմսերը: Արդեն երեք օր է՝ բարձրաձայնում են խնդիրը, սակայն հարցին լուծում այդպես էլ չի տրվում: Մեր գործընկեր Արթուր Հակոբյանը փորձել է պարզել՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու կատարվածի համար՝ օդանավակայա՞նը, լաբորատորիա՞ն, թե՞ ավիաընկերությունը:
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այսօր ևս աշակերտներն ու մանկավարժները բոյկոտել են դասապրոցեսը և բողոքի ակցիա արել նոր տնօրենի դեմ, որն, ըստ իրենց՝ Կոտայքի նախկին մարզպետի հովանավորյալն է: Տնօրեն Քարմիլե Առաքելյանն այսօր ստիպված է եղել փակվել իր աշխատասենյակում, որը հսկել են մեծ թվով ոստիկաններ: Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետի և կոլեկտիվի հանդիպումից հետո որոշվել է դիմել նախարարին՝ տնօրենի նշանակման հրամանը չեղյալ հայտարարելու և դպրոցի կառավարման խորհրդի կազմը փոխելու պահանջով:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լսարաններից մեկն այսուհետև կկրի Հայաստանի վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը: Ականավոր վիրաբույժը մեծ ավանդ ունի ոչ միայն բժշկության ոլորտում, այլև Արցախյան առաջին պատերազմում:
Անհետ կորած զինծառայողների ծնողները հերթական անգամ հավաքվել են ՊՆ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Վաղարշակ Հարությունյանի հետ: Քաղաքացիների խոսքով՝ այլևս հնարավոր չէ հանդուրժել ստեղծված անորոշությունը: Նրանք հայտարարել են, որ եթե նախարարը նորից չընդունի իրենց, անցնելու են ավելի կտրուկ գործողությունների: Հավաքի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:
«Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը»,- Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ գործակցության: Փաշինյանը խոսել է տնտեսության մասին, սակայն Արցախի պատերազմին, գերիների վերադարձի խնդրին չի անդրադարձել: Ղրղզստանի նոր վարչապետի հետ հանդիպմանն էլ քննարկվել են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումից հետո ստեղծվող հնարավորությունները: