Նիկոլ Փաշինյանը երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր համայնքներ։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Մոսկվայում կայացել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունները: Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեժ փուլից դուրս գալու քայլերը՝ ընդգծելով ռազմագերիների վերադարձի զգայուն հարցի կարևորությունը: «Կարող ենք պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար»,- ասել է Լավրովը: Արա Այվազյանն էլ հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել ԼՂ-ում իրավիճակի կայունացումից հետո: Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Անկարան պետք է ձեռք բերի Երևանի վստահությունը:
«Մեր բակ» մասնավոր մանկապարտեզի մասնաճյուղերից մեկը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այն բանից հետո, երբ ծնողներից մեկը տարօրինակ վարքագիծ է նկատել երեխայի պահվածքում, ձայնագրող սարք է տեղադարել երեխայի տիկնիկի մեջ և ուղարկել մանկապարտեզ: Ծնողների պնդմամբ՝ 6 ժամանոց ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է դաստիարակներից մեկը երեխային ապտակում, վախեցնում ու սպառնում վնասել նրան: Միջադեպի մանրամասները պարզելու համար ծնողները դիմել են ոստիկանություն: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այցելել է նաև մանկապարտեզ, որի դուռը, սակայն, ոչ ոք չի բացել:
Համավարակով պայմանավորված տևական դադարից հետո դեկտեմբերի 7-ից առկա ուսուցումը վերսկսվել է նաև 5-ից 12-րդ դասարաններում: ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ, այդուհանդերձ, ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով: Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես, օրինակ, գրատախտակի մոտ կանչելու արգելքը չեն գործի՝ բացառությամբ մեկ դրույթի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու պատերազմից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Քաղաքական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչներն արձանագրել են, որ գլխավոր նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու նոր կառավարության ձևավորումն է: Բանախոսները հստակեցրել են նաև այդ կառավարության առաջնահերթությունները, որոնցից գլխավորը հայ ռազմագերիների վերադարձն է:
Վերջին տվյալներով Շիրակում կա 3547 ժամակավոր կացարան: Դրանցից 2858-ը մարզկենտրոնում են: Ինչո՞ւ են անցնող տարում դանդաղել բնակարանաշինության, ինչպես նաև hանրապետության 2-րդ քաղաքը տնակներից ազատելու գործընթացները:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան, տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: 41 վայրկյանի ընթացքում աղետը վնասեց երկրի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ավելի քան 40 տոկոսը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նրանք կուսակցության անունից ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ցավով նշել է, որ Գյումրին դեռ չի վերկանգնվել, երկու հազարից ավելի ընտանիք շարունակում է ապրել տնակներում, անմարդկային պայմաններում: «Միայն ասֆալտապատելով մարդկանց խնդիրները չեն լուծվում»,- նշել է պատգամավորը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv