Items filtered by date: Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2019
Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2019 22:18

Էպիկենտրոն 30.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանում վաղը կանցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն արդեն Հայաստանում են՝ բացառությամբ Ռուսաստանի նախագահի: Վլադիմիր Պուտինը մեր երկրում կլինի վաղը: Մինչև այդ Երևան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, իսկ օրվա ավարտին՝ նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Օրվա ընթացքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Երկու երկրների ղեկավարները չեն շրջանցել Ադրբեջանի թեման:

Այսօր կեսօրից հետո արյունալի բախումներ են եղել Ադրբեջանում: Ադրբեջանցի մի քանի Ֆեյսբուքյան օգտատերեր նկարահանել են տեղի ունեցածը: Ըստ տեղեկությունների՝ բախումների պատճառը եղել է Ալիևների ընտանիքին պատկանող «Սոկար» նավթային ընկերության տարածքում կատարված ապօրինի շինարարությունը: Ընկերությունը քանդել է այն, որից հետո սկսվել են բախումներ ընկերության աշխատակիցների, ոստիկանության և ղարաբաղյան պատերազմին մասնակցած ու հաշմանդամ դարձած ադրբեջանցիների միջև:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը քննարկվելու են գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր: «Հայաստանն ունի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև էներգետիկ հանգույց դառնալու պոտենցիալ»,- ասել Նիկոլ Փաշինյանը: ԵԱՏՄ-ում որոշումների ընդունման դանդաղկոտությունից է դժգոհել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերն էլ անդրադարձել են գազի սակագնի թանկացմանը:

Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Արցախում անցկացված ՏԻՄ ընտրությունների մասին: «Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ անդամ պետությունների համար»,- ասել է Զոհրաբյանն ու հարց ուղղել Վեհաժողովի անդամներին: «Ես ուզում եմ հասկանալ, եթե կա վեճ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյոք այստեղ նստած որևէ մեկի համար կա՞ վեճ Արցախում ապրող մարդկանց` մարդ լինելու վերաբերյալ: Վստահ եմ՝ չկա»: Պատգամավորը կոչ է արել վեհաժողովին աջակցել Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, քանի որ դրանից շահելու է մարդը։ «Իսկ մարդն ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ»,-ընդգծել է Զոհրաբյանը: Պատգամավորի ելույթը հերթական անգամ ափերից հանել է ադրբեջանցիներին: «Նաիրա Զոհրաբյանի հետ ամեն ինչ պարզ է՝ նա ատում է Ադրբեջանը և ադրբեջանցիներին»,- հայտարարել է պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Դրան հաջորդել է Միքայել Մելքումյանի կոշտ արձագանքն ու Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերող ելույթը:

Աննախադեպ իրադարձություն Ստրասբուրգում: Առաջին անգամ պատմության մեջ Արցախի Հանրապետության պաշտոնյան, հայկական պատվիրակության նախաձեռնությամբ, ելույթ է ունեցել իր կարգավիճակով՝ Եվրոպայի Խորհրդին ներկայացնելով Արցախի բնակիչների ձայնը: «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են» թեմայով քննարկմանն Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, անդրադարձել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և եվրոպացիներին հրավիրել Արցախ՝ տեղում ծանոթանալու այդ երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Օմբուդսմենի ելույթն արժանացել է ծափահարությունների, իսկ ահա միջոցառմանը ներկա ադրբեջանցիներն արձագանքել են` բողոքի պաստառներ բարձրացնելով:

Բողոքի ակցիա «Արմօյլ» բիտումի և քսայուղերի գործարանում: Հարյուրավոր քաղաքացիներ պահանջել են անհապաղ գործարկել այն: Ընկերության տնօրենը հանդիպել է նրանց հետ և մանրամասն ներկայացրել ստեղծված իրավիճակը: Աշխատանքները խոչընդոտվել են հարևանությամբ գործող «Ռիվալ» ընկերությանը պատկանող պտղատու այգիների և չրի արտադրամասի ներկայացրած բողոքների պատճառով: Նրանց պնդումներն առ այն, թե գործարանի շահագործումը վնասելու է շրջակա միջավայրին, անհիմն են, վստահեցրել է «Արմօյլ»-ի տնօրեն Ալֆրեդ Աբեդին և հակափաստարկներ ներկայացրել: Նա քաղաքացիների հետ շրջել է գործարանի տարածքում և անձամբ ցուցադրել անվտանգության ամբողջ համակարգը: Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են իրականացրել՝ գործարանի շահագործման պահանջով:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին առաջիկայում կհրավիրվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Զինված ուժերի շտաբի պետն ու Պաշտպանության նախարարը: «Բոլոր նրանք, ովքեր կարող են արժեքավոր բան փոխանցել, հրավիրվելու են: Նրանք այն մարդիկ են, որոնք իրավասու են եղել բանակին հրամաններ իջեցնել»,- պատասխանելով «Էպիկենտրոն»-ի հարցին՝ ասել է քննիչ հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձել է նախկին ոստիկանապետի մահվան դեպքին, հայտարարել՝ Հայկ Հարությունյանին ամենամեծ ճնշողը իր խիղճն էր:

Մեկնարկել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Մինչև ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելը, Լի Սյեն Լունն ու Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել, հանդես եկել համատեղ ասուլիսով: Անդրադառնալով վերջին շրջանում դինամիկ զարգացող գործակցությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր մակարդակի այցերի շնորհիվ Սինգապուրը և Հայաստանն ավելի են մոտեցել իրար: Երկու երկրների ղեկավարները համակարծիք են՝ 21-րդ դարում հեռավորությունն ընդհանրապես խոչընդոտ չէ: Սինգապուրի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունից, ի պատիվ Սինգապուրի վարչապետի և նրա տիկնոջ, տրվել է պաշտոնական ճաշ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։