Ազգային ժողովի ստեղծած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագահ ունի: Նոր ձևավորված կառույցը ղեկավարելու է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն: Հայկուհի Հարությունյանի մրցակիցը եղել է Էդգար Շաթիրյանը, որին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ ուղղորդված և հրահանգված ընտրություն չի եղել, հանձնաժողովի անդամները քվեարկել են իրենց մտքի թելադրանքով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ հայտարարել է, որ արժանի նախագահ է ընտրվել: «Հայաստանում մեկ կետից համակարգվող կոռուպցիա այլևս չկա, հիմա պետք է պայքարել ցածր մակարդակում»,- ասել է Էդմոն Մարուքյանը: