Երևանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրությանը ԲՀԿ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստում տեղի ունեցած բաց քվեարկությունից հետո հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք քաղաքական պայքարի մեջ ենք մտնում հանուն Երևանի ու երևանցու բարեկեցության, պատրաստ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ապրի արժանապատիվ կյանքով»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել է, որ անելու է անհնարինը, որպեսզի Երևանի զարգացման՝ ԲՀԿ-ի տեսլականն արժանանա երևանցիների առավելագույն քվեին: Երևանի ավագանու առաջիկա ընտրությանը ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, լրագրող Պետրոս Ղազարյանն է, իսկ 3-րդը՝ քաղաքագետ Արման Աբովյանը: Պատգամավոր Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀՇ վարչության հրավիրած նիստում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է իր թեկնածությունը: Այդ հարցում, սակայն, որոշիչ է լինելու Գագիկ Ծառուկյանի տեսակետը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ հանդես է եկել խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնությամբ: Հիմնադրամին դիմած մի քանի հարյուր քաղաքացիներ ստացել են դրամական աջակցություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս անգամ աջակցություն է ցուցաբերվել մայիսին հիմնադրամ դիմած բոլոր քաղաքացիներին:
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, ռուս լեգենդար գեղասահորդուհի, Մոսկվայի տարածաշրջանային դումայի պատգամավոր Իրինա Սլուցկայային: ՀԱՕԿ նախագահը բարձր է գնահատել Իրինա Սլուցկայայի թողած ժառանգությունը համաշխարհային սպորտի պատմության մեջ՝ ընդգծելով, որ դա ոգեշնչման հրաշալի օրինակ է երիտասարդ մարզիկների համար: Ռուս հռչակավոր մարզուհին ասել է, որ անչափ տպավորված է մարզաշխարհի նկատմամբ ՀԱՕԿ նախագահի ցուցաբերած հոգատար վերաբերմունքից: Նրա գնահատմամբ՝ այդպիսի անձնվեր գործունեությունն է, որ բարձրացնում է Հայաստանի վարկանիշը համաշխարհային սպորտում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv